Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երբ վերջինը դուրս եկավ սենյակի անկյունից Մարիամի հանդիմանություններից հետո։ Նրա նուրբ դիտողությունից փախուստ չէր տվել ամուրիի հետամուտ լինելը Մարիամին։ Նա նկատել էր և՛ Հալաբյանի սպառնալի հայացքը ժողովարանի նախասենյակում։ Այնուհետև նա մի քանի անգամ պատահել էր ամուրիին փողոցում, բարևել էր հարգանքով, և արժանացել միայն սառն և թեթև պատասխանի:

Այս բոլորը նրա կասկածները զորացնում էին, և նա, մութ կերպով, զգում էր, որ Հալաբյանը նախ անտարբեր չէ դեպի Մարխամը, երկրորդ՝ վրդովված է յուր դեմ։ Առաջինը ցանկալի էր, երկրորդը՝ ոչ։ Ցանկալի էր՝ գտնվի մեկը, որ հետամուտ լինի Մարիամին և գուցե մոռացնել տա նրան յուր անցյալը։ Ցանկալի չէր, որ այդ մեկը լինի Հալաբյանի նման մարդ։ Նա հարուստ է, հասարակության մեջ ունի հայտնի դիրք, ունի ծանոթների մեծ շրջան, կատա՞կ բան է մի երիտասարդ բժշկի համար կյանքի ասպարեզում, հենց առաջին քայլում, հանդիպել այդպիսիների ատելությանը, երևալ նրանց աչքում իբրև մի ստոր խաբեբա։

Պետք է, ուրեմն, զգույշ լինել, պետք է մոտենալ Հալաբյանին, վաղօրոք գրավել նրա սիրտը, չթույլ տալ նրան վատ կարծիք կազմելու բժիշկ Մելիք-Բարսեղյանի մասին։

Չլիներ տխուր միջադեպը Մարիամի հետ, օրիորդ Նատալիայի բալը իսկապես բժշկի համար մի բախտավոր օր էր։ Այդ երեկո նա ծանոթացել էր երեք-չորս հայտնի ընտանիքների հետ, գրավել էր մի քանի մայրերի ուշադրությունը։ Մի հարուստ պարոն հենց այդ երեկո աոաջարկել էր նրան յուր տան բժիշկը լինել։ Եվ նա շտապել էր հետևյալ օրն իսկ այցելություն անել պարոնի ընտանիքին։ Մի խոսքով, այդ երեկույթից հետո նրա գործերը քիչ-քիչ առաջ էին գնում, ապագան հույսեր էր տալիս։ Նրա մասին արդեն սկսել էին խոսել հասարակության մեջ, նրա անունը տարածվում էր, նրանով հետաքրքրվում էին։

Իբրև բարեմիտ քաղաքացի, իբրև յուր դրությունը հաստատել ցանկացող մի բժիշկ, նա արդեն կանոնավորել էր յուր կյանքը։ Առավոտյան զարթնում էր կանուխ, չայի ժամանակ թերթում էր տեղական լրագիրները, հետո կարդում