էր յուր մասնագիտությանը վերաբերյալ այս կամ այն գրքից քանի էջեր, այնուհետև ծանր ու հանդարտ, ծառայի օգնությամբ, հագնվում էր, դուրս էր գալիս տնից առավոտյան տասնումեկ ժամին։ Եթե հիվանդ ուներ, գնում էր այցելության, եթե չուներ, դարձյալ կառք էր նստում որոշյալ ժամին և մի կամ երկու անգամ անցուդարձ անում քաղաքի բազմամարդ փողոցներում։
Հետո նա գնում էր այն հիվանդանոցները, ուր առժամանակ ձրի բժշկություն էր անում։ Այստեղ նա շփվում էր զանազան այցելուների հետ, ծանոթանում էր, և եթե այցելուն փոքր ի շատե ունևոր մարդ էր, հայտնում էր նրան յուր հասցեն, հարմար դեպքում հրավիրելով յուր մոտ։
«Տանը ես ազատ եմ, կարող եմ ավելի լավ քննել ձեր հիվանդությունը»,— ասում էր նա։ Եվ ամենի հետ նա վարվում էր միատեսակ մեղմ, սիրալիր և զարմանալի ուշադրությամբ։ Նրա համբերությունը սահման չուներ, երբ քննում էր այս կամ այն շատախոս հիվանդին, որ մանրամասն նկարագրում էր յուր հիվանդությունը։ Նա ինքն յուրաքանչյուրին շռայլում էր շատ ավելորդ հարցեր, կատակ էր անում, սրախոսում էր, զվարճացնում էր և այսպիսով ամենի սիրտը շահում։
— Ա՜խ, Անիչկա,— ասում էր հիացած մի տիկին յուր ընկերուհուն,— դու չես կարող երևակայել ինչքան բարեսիրտ է այդ բժիշկ Մելիք-Բարսեղյանը, ինչքա՜ն ցավում է հիվանդի մասին։ Ուրիշները մի քիչ քննում են հիվանդին ու հետո ձեռքին նայում, թե ինչ կտա։ Իսկ նա, սիրող մոր պես, ամեն բան հարցնում է, ամեն բան ուզում է իմանալ։
— Դուք ճանաչո՞ւմ եք բժիշկ Մելիք-Բարսեղյանին հարցնում էր մեկը մյուսից։
— Ոչ, լսել եմ։
— Օօօ՜օ, ծանոթացեք, ծանոթացեք, շատ համակրելի է։
— Ինչո՞վ է համակրելի։
— Ինչպե՜ս ասեմ, պրոսաո դուշկա…
Հին բժիշկների դասը, որ առաջ արհամարհանքով էր վերաբերվում, փոքր առ փոքր սկսեց լուրջ ուշադրություն դարձնել նրա վրա։ Շատերը զգում էին, որ նրա հետ կատակ