թիվը։ Բայց ինչպես։ Սխալն այն էր, որ նա սկզբից չէր հայտնել, թե իբրև մանկաբարձ֊բժիշկ դարմանում է միայն կանանց հիվանդությունները։ Ինչ տեսակ հիվանդներ ասես, նա ընդունում էր վարձով, հետևաբար չէր կարող անվարձների վերաբերմամբ այլ կերպ վարվել։
Մի օր նա նստած էր յուր առանձնասենյակում։ Ընդունելության ժամն էր։ Նա բարկացած էր. մի րոպե առաջ նա ընդունել էր մի տերտերի, քննել, դեղատոմս գրել, և տերտերը, փոխանակ վարձ տալու, «պահպանիչ» էր ասել, կարծես, նրան ծաղրելու համար։ Իսկ մի պացիենտ, որին բժշկել էր ծանր հիվանդությունից, տասն ու ինը «վիզիտի» համար ուղարկել էր ծրարով ընդամենը քսան ռուբլի։
«Վիզիտին մի ռուբլի,— ասում էր նա,— մարդ կարող է խելագարվել, խելագարվել, это чорт знает что такое, այդպես էլ անբարեխղճությո՞ւն...»։
Հանկարծ նա լսեց դռան զանգակի ձայնը։ Իբրև կանանց բժիշկ, նրան աջակցում էր մի մանկաբարձուհի։
— Հիվանդ,— ասաց վերջինը, ընդունարանի դռներից ներս մտնելով։
— Հրավիրեցեք, — պատվիրեց բժիշկը և մտքում ավելացրեց.— ձրի՞, թե՞ վարձով։
Ներս մտավ եվրոպական ձևով հագնված, երեսը թանձր քողով ծածկած մի կին։ Երկչոտությամբ նայելով աջ ու ձախ, կինը շշնջաց.
— Ես ուզում եմ ձեզ հետ առանձին խոսել:
Մանկաբարձուհին դուրս եկավ։ Բժիշկը դռները ամուր ծածկեց և հրավիրեց անծանոթին նստել։ Կինը մի անգամ ևս նայեց յուր շուրջը և սաստիկ հոգնած մարդու պես, ընկղմվեց բազկաթոռի վրա։ Նա գլուխը մոտեցրեց բժշկին և սկսեց շշնջալով խոսել։ Թանձր քողի տակից նկատելի էր նրա երեսի գույնը, սակայն նրա ստեպ ընդհատվող շնչառությունից, արագ բաբախող կրծքից և դողացող ձեռներից պարզ էր, որ նա մի ինչ-որ տենդային հուզմունքի մեջ է։ Լսելով նրա շշնջյունը, բժշկի դեմքը հանկարծ մռայլվեց։ Անծանոթը յուր ասելիքը վերջացրած, պատասխանի էր սպասում։