Բացի բժշկականից, նա գրվեց մի քանի ընկերությունների անդամ, մոտեցավ երիտասարդության հետ, ցույց տվեց իրան հնի թշնամի, նորի եռանդուն ջատագով:
Մի ընկերության ընդհանուր ժողովում, յուր մի ազատամտական ճառի շնորհիվ, երիտասարդները ընտրեցին նրան խորհրդի անդամ, և այդ օրվանից նա անցավ «հասարակական գործիչների» շարքը։
Բայց հազիվ նա ստացել էր այդ անունը, հազիվ նա ծանոթացել էր երիտասարդության հետ, երբ փորձով տեսավ, որ այդ միջոցով ձեռք բերած հռչակն էլ ունե յուր անհարմարությունները։ Բանն այն է, որ, ինչպես ամենուրեք, նույնպես և' բժիշկ Մելիք-Բարսեղյանի արյունակից հասարակության մեջ կա մի որոշ դասակարգ, որի համար արհեստավորին ձրի հարստահարելը անբարոյականություն չէ համարվում։ Ահա այդ դասակարգի հետ առիթ ունեցավ մոտենալ նա, ընդունելով «հասարակական գործիչի» անունը։ Նրա մեղմ ազատամտությունը, նրա արտաքին բարեհամբույր վարվողությունր անխտիր ամենի հետ և, վերջապես, նրա ազգանվան «յան» մասնիկը, այս բոլորը համարձակություն էին տալիս շատերին դատարկ ձեռքով դիմել նրա արհեստի օգնությանը։ Եվ նա չէր կարող մերժել, նա չէր կարող գանգատվել անգամ։ Գիտեր, որ հակառակ դեպքում հետևանքը կարող է վատ լինել։
Պատահում էր, որ շաբաթվա մեջ ընդունելության համար երեք որոշյալ օրերից մեկը կամ մյուսը անցնում էր միայն ձրի հիվանդներ ընդունելով։
— Ի՞նշ գործի եք,— հարցնում էր նա եկողներից։
— Ես հայոց դպրոցի աղքատ վարժապետ եմ,— պատասխանում էր մեկը։
— Ես տիրացու եմ,— պատասխանում էր մյուսը։
— Ես Ներսիսյան դպրոցի աշակերտ եմ,— պատասխանում էր երրորդը։
Եվ այլն և այլն։ Բոլորն էլ գալիս էին մի տեսակ անբռնաբարելի իրավունքով, կարծես, նրա վարձը վճարել էին վաղուց։ Վերջապես, նա տեսավ, որ այդպես շարունակել անկարելի է, որ պետք է սահմանափակել ձրիասերների