Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի շքեղ զարդարված ընդարձակ հյուրասենյակ, ուր նստած էին նրա երկու զույգ հասուն աղջիկները։ Ադամովները Թիֆլիսում մի հայտնի ընտանիք էին։ Ինքը, ծերունի Ադամովը, մի պաշտոնաթող չինովնիկ էր, որ ժամանակին կարողացել էր յուր աղջկերանց բախտը ապահովել առանձին-առանձին օժիտով։

Տեսնելով բժշկին, չորս քույրերը միաժամանակ ոտքի կանգնեցին, հերթով սեղմեցին նրա ձեռը և կրկին նստեցին յուրաքանչյուրը յուր առաջվա տեղը։ Սովորական նախաբանից հետո, տանտիրուհին խոսք բաց արավ քաղաքային նորությունների մասին։ Եվ որովհետև նրա ուղեղը գիշեր-ցերեկ զբաղված էր յուր աղջկերանց ճակատագրով, ուստի բնական է, որ այդ նորությունները լինեին համապատասխան նրա մտավոր տրամադրությանը։

— Դուք ճանաչո՞ւմ եք Հալաբյանին,— հարցրեց նա բժշկից, մի քանի համանման լուրեր հաղորդելուց հետո։

— Ճանաչում եմ։

— Երևակայեցեք, այդ մարդը քանի տարի է չի պսակվել, հիմա, ասում են, ուզում է պսակվել:

— Այո՞։

— Այո։

— Ո՞ւմ վրա։

Տանտիկինը շինծու արհամարհանքով ժպտաց։

— Ով գիտե ում վրա, այստեղ մի «բազազ Նիկոլ» կա, որի կինը իրան արիստոկրատ է ձևացնում, կարծեմ այդ բազազի եղբոր աղջիկն է։

Բժիշկը մի տարօրինակ շարժում գործեց, ուղղելով պենսնեն։

— Մի աղքատ աղջիկ է, ոչ հայր ունի, ոչ մայր, հորեղբորից զրկված, օրվա հացին կարոտ։ Վարինկա,— դարձավ տիկինը յուր երկրորդ աղջկանը, որ թուխ գույնով, երկարաձև երեսով և փոքրիկ աչքերով մի արարած էր, մի փոքր գեղեցիկ, քան մյուս քույրերը,— Վարինկա, այն աղջկա անունը ինչ է՞,

— Մարո։

— Մարիա։