Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Մաշա:

— Մարիամ։

Պատասխանեցին չորս քույրերը միաժամանակ:

Բժիշկը շփոթվեց։ Առաջին անգամն էր նա լսում մի լուր, որ վաղուց արդեն պտտում էր քաղաքում:

Տիկինը շարունակեց.

— Այդ Հալաբյանը մեր Թիֆլիսի ամենալավ փեսացուներից մեկն է, հանկարծ ուզում է պսակվել այդ աղքատ աղջկա վրա: Ի՞նչ կասեք, դոկտոր, լա՞վ բան է։

— Ես կարծում եմ, որ շատ ազնիվ բան է մի հարուստ մարդու կողմից,— պատասխանեց բժիշկը համեստությամբ։

— Ես էլ կարծում եմ,— մեջ մտավ տիկնոջ ավագ աղջիկը:

— Ես էլ,— կրկնեց երկրորդը — Վարինկան։

— Ես էլ,— կրկնեց երրորդը:

Չորրորդը լռեց, որովհետև հասակը չէր ներում համարձակ լինել:

— Բայց դուք տեսեք, որ,— շարունակեց տանտիկինը,— այդ աղջիկը կոտրատվում է, ասում են, չի ուզում գնալ Հալաբյանին: Իզուր չէ ասած՝ աղքատ ու հպարտ:

— Մամա,— խոսեց Վարինկան,— հպարտությունը խոմ չէ պատճառը:

— Բա՞ս։

Բոլոր քույրերը նայեցին միմյանց երեսին, գլուխները ցած գցեցին և աչքի տակով սկսեցին նայել բժշկի կողմը։

— Ինչո՞ւ չի գնում,— կրկնեց մայրը յուր հարցը։

— Սիրահարված է մեկ ուրիշի վրա,— լսվեց չորս քույրերի կողմից, բայց թե որն ասաց —այդ մնաց անհայտ։

Բժիշկը երկրորդ տարօրինակ շարժումն արավ, այս անգամ ավելի զորեղ։ Նա նկատեց, որ ամենից ավելի համառությամբ նայում է յուր վրա Վարինկան: Դա այն օրիորդն էր, որին բժիշկը հետամուտ լինելիս Մարիամը տեսել էր այն չարագուշակ երեկո։ Տանտիկինը սկսեց տրամաբանորեն ծաղրել և առհասարակ պախարակել սեր ասած բանը և սիրահարվողներին։ Բժիշկը հաջողությամբ փոխեց խոսակցության առարկան