Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և, մի քառորդ ժամի չափ ևս նստելով, հրաժեշտ տվեց, դուրս եկավ վերին աստիճանի անախորժ տպավորության ներքո։— Անախո՜րժ, որովհետև այն, ինչից վախենում էր, արդեն կատարվում էր— նրա անունը սկսել էր բամբասանքի առարկա դառնալ։

Փողոցի մայթի վրա նույն վայրկյանին, երբ ձեռնափայտը բարձրացրած կառք էր կանչում, նրա առաջով անցավ Ռուբենը։ Հանդիպումը այնպես էր, որ բժիշկը, հակառակ յուր ցանկության, չկարողացավ խույս տալ։

— Աա՜, փառք աստուծո, քո երեսդ էլ տեսա,— գոչեց նա կեղծ զգացմունքով, այնպես, որ, կարծես, ոչինչ անախորժություն տեղի չէր ունեցել նրանց մեջ։

Ռուբենը շատ սառն բարևեց և ակամա ընդունեց ընկերոջ ձեռը, որ ծածկված էր փայլուն ձեռնոցով։

— Եղբայր, ինչո՞ւ չես գալիս ինձ մոտ, միթե քեզ էլ պետք է հրավիրե՞մ, որ շնորհ բերես,— հանդիմանեց բժիշկը ընկերաբար, ուշադրություն չդարձնելով ընկերոջ սառնության վրա։

— Ես քեզ մոտ ի՞նչ գործ ունեմ,— արտասանեց Ռուբենը դառն սրտմտությամբ։

Բժիշկը իրան զարմացած ձևացրեց։

— Ինչպե՞ս, դու ինձ մոռացե՞լ ես։

Եվ, նայելով Ռուբենի երեսին, գլուխը հանդիմանությամբ երերեց աջ ու ձախ և խորին համեստությամբ շարունակեց.

— Հաա, ուրեմն մոռացե՞լ ես։ Շատ լավ, մոռացի՛ր, ինչ անեմ, երևի, արժանի եմ։ Բայց ես այդպես չեմ, ես միշտ հիշում եմ իմ հին ընկերներիս, ես չեմ կարող նրանց հետ այդպես շուտ կտրել բարեկամությունս։

Այս խոսքերի տակ թաքնված հանդգնությունը կատաղեցրեց Ռուբենին։

— Վասի՜լ,— գոչեց նա դողդոջուն ձայնով,— վաղո՞ւց ես սովորել այդ եզվիտական լեզվով խոսելը։

Բժիշկը ժպտաց։

— Էհ, եղբայր, ես չեմ հասկանում ինչո՞ւ այդպես բարկացած ես ինձ վրա, ի՞նչ է պատահել: