Նա հանդարտ և հանգիստ գարեջրի բաժակը մոտեցրեց շրթունքին։
— Մնում է ինձ համար մի դառն վիշտ,— շարունակեց Ռուբենը,— որ քրոջս և քո սիրո առաջին սերմ ցանողը ես եմ եղել, ես, որ տասներկու տարի քեզանով խաբված եմ եղել։ Բայց ոչ, ինչու, ես երբեք չեմ խաբվել: Չէ՞ որ դու ինձ շարունակ ասում էիր, թե չքավորությունը մի իմաստուն դրպրոց է, թե նա պատրաստում է խելոք, առողջամիտ մարդիկ։ Մի բան միայն թաքցնում էիր, և ես այսօր եմ միայն զգում այդ բանը... այդ իմաստուն դպրոցից դուրս եկած մարդիկ երբեմն զուրկ են լինում մարդկային սրտից։ Օ՜օօ, ինչպես գիտես անամոթ վարմունքդ արդարացնել։ Խոնարհվում եմ շնորքիդ առաջ, դու արժանի ես գովասանքի։ Վեհանձն ձևանալ այն ժամանակ, երբ մարդ ստոր է — դրա համար տաղանդ է հարկավոր։
— Ռուբեն,— ընդհատեց բժիշկը գրգռված երիտասարդի անկապ խոսքերը, որ բխում էին մի վիրավորված սրտից,— Ռուբեն, կամաց խոսիր, մյուս սենյակում կարող են լսել: Բայց Ռուբենը ուշադրություն չդարձնելով նրա նախազգուշության վրա, շարունակեց.
— Ա՜խ, Մարիամ, եթե գիտենայիր, թե որքան բախտավոր ես, որ զրկվել ես այդպիսի մարդու ընկերակցությունից։ Բայց ի՞նչ, դու դեռ քո խորին ատելության մեջ չես կարողանում մոռանալ քո երևակայած անցյալ երջանկությունը։ Դու դեռ արտասվում ես գիշեր ու ցերեկ, մինչդեռ պետք է ծիծաղեիր և ուրախանայիր։ Անամոթ, — դարձավ նա բժշկին, որ շվարված լսում էր նրա զառանցանքը, — դու դեռ հանդգնում ես ծաղրել քրոջս։ Դու ուրախ ես, որ նրան հետամուտ է լինում մի Հալաբյան...
— Ռուբեն,— դարձյալ ընդհատեց բժիշկը, այս անգամ անհամբեր եղանակով,— բավական է, կարող են լսել, դու ինձ վիրավորում ես։
— Ես քեզ վիրավորո՞ւմ եմ,— կրկնեց Ռուբենը դառն ժպտալով,— ի՞նչ, միթե դու դեռ վիրավորվելու ընդունակություն ունե՞ս։