— Բավական է, Ռուբեն,— արտասանեց բժիշկը այլևս չկարողանալով զսպել իրան և ոտքի կանգնելով։
Նրա հետ միասին ոտքի կանգնեց և Ռուբենը, գունատված, դողդողալով։ Բժիշկը նայեց նրա երեսին և մի չարամիտ բան կարդաց նրա աչքերի մեջ։ Նա սարսափած երեսը հետ դարձրեց։
— Զզվելի՜,- ձայն տվեց Ռուբենը, ձեռը ուժգին խփելով սեղանի ծայրին։
Անսահման սառնասրտությունը արդեն դավաճանում էր բժշկին։ Բայց և այնպես նա քաջություն ունեցավ մի վայրկյան ևս զսպել իրեն և խուլ ձայնով պատասխանեց.
— Ասա քրոջդ, որ ես դարձյալ սիրում եմ նրան և պիտի սիրեմ…
Գուցե բժիշկը անկեղծ էր ասում, գուցե դա նրա կողմից մի տեսակ մեղմացուցիչ դարձված էր, սակայն այդ դարձվածը այնքան լիրբ թվաց Ռուբենին, որ նա վայրկենաբար կորցրեց խելքը։ Նրա աչքերը արյունով լցվեցին, սենյակը խավարվեց և նա գրեթե անզգայաբար ձեռը բարձրացրեց.
— Ահա քեզ իմ քրոջ պատասխանը…
Եվ բժիշկը յուր ձախ այտի վրա զգաց մի սառնություն, որ իսկույն փոխվեց այրող տաքության։ Նա ոչինչ չկարողացավ ասել։ Կարմրած աչքերով, բորբոքված դեմքով նայեց յուր շուրջը:
Դռները բացվեցին, երևաց սպասավորը, նրա հետևից մի քանի հետաքրքիր դեմքեր, որոնց թվում և մոսիո Վախվախյանը։ Բժիշկը յուր ձեռին սեղմած ռուբլիանոցը շպրտեց սպասավորի կողմ և շտապեց աննկատելի կերպով դուրս սլկվել։
— Խի՜, խի՜, խի՜,— ուղեկցեց նրան դռների մոտ հավաքված ականատեսների և մոսիո Վախվախյանի միահամուռ ծիծաղը։
XIII
— Մոռացիր, սիրելի Մարո, մոռացիր։ Ճշմարիտն ասած, ես կարծում էի դու ավելի քաջասիրտ կլինես։ Միթե չե՞ս կարող արհամարհել այդ մարդուն։ Հավատացիր, տասն