Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և յուր չափավոր ռոճիկով կառավարում էր ընտանիքը։ Ամեն երեքշաբթի երեկո մարդ ու կին գալիս էին ընտանեկան երեկույթ, զբոսնում էին իրանց փոքրաթիվ ծանոթների հետ, առանձին ընթրում և թև թևի գցած գնում։

Արմունկները սեղանին հենած, մարդը ծխելով զվարճախոսում էր․ կինը պաղպաղակ էր ուտում։ Ոչ ոքի վրա ուշադրություն չէին դարձնում, նրանց նայվածքը արտահայտում էր փոխադարձ սեր, հավատարմություն և փաղաքշանք։ Համակրելի էր թվում Հալաբյանին մանավանդ երիտասարդ կնոջ ժպիտը։ Այդ տեսակ քաղցր, գրավիչ երանություն արտահայտող մի ժպիտ նա յուր կյանքում չէր տեսել։ Բազմազգի, բազմալեզու ամբոխի մեջ այդ զույգը նրան թվում էր ամենից երջանիկը և անհոգը։

«Ի՜նչ է նրանց խոսակցության առարկան», մտածեց նա, հառաչելով։ Հանկարծ կինը քահ-քահ ծիծաղեց, ոտքի կանգնեց։ Մարդը վճարեց ընթրիքի համար, երկու անգամ համարեց սպասավորի հետ բերած փողը, խնամքով դրեց գրպանը, առավ կնոջ թևը և ուրախ-զվարթ խոսակցելով, դիմեցին դեպի դուրս։

«Կզարթնի կտեսնի ես մոտը չեմ, լաց կլինի... ա՜խ, հոգյակս Լևոն»։

Այս խոսքերը պարզ հասան Հալաբյանի ականջին, երբ զույգը անցնում էր նրա մոտով։

«Լևոնր նրանց երեխան է», մտածեց նա և այնքան նայեց հետևից, մինչև նա բոլորովին անհայտացավ։

— Չհաջողվե՜ց,— ձայն տվեցին միաբերան Իշխան Սահարունին և Ախշարումյանը։

Հալաբյանը վիրավորվեց, երկդիմի ակնարկությունը երջանիկ զույգին էր վերաբերվում։

— Զարմանալի է,— արտասանեց նա և դանակ-պատառաքաղը վերցրեց ընթրիքը շարունակելու։

—Ի՞նչն է զարմանալի,— ասաց իշխան Սահարունին,— զարմանալի է, որ նետդ քարի՞ն կպավ։

Հալաբյանր դադարեց ուտելուց և մի հանդիմանական հայացք ձգեց իշխանի երեսին։