էլ ես քեզ մոտ գամ։ Ես եղբորդ հետ խոսել եմ։ Նա վաղը իմ երաշխավորությունով քեզ համար մի կարի մեքենա կվերցնի ապառիկ և այսուհետև դու ձեր տանն էլ կար կանես։ Շուտով ծննդյան տոները կհասնեն, ես երկու շաբաթ ազատ կլինեմ, այն ժամանակ ամեն օր կտեսնվենք։ Մենք միասին կաշխատենք, կկարդանք, կխոսենք, կզբոսնենք։ Լա՞վ։
Մյուս օրը մեքենան գնվեց և Սաթենիկը յուր խոստումը սկսեց կատարել։ Եվ այսպես, նրանք տեսնվում էին շաբաթական հինգ անգամ։ Վարժուհու այս անկեղծ հոգացողությանը յուր ընկերուհու վերաբերմամբ հիացնում էր Ռուբենին։
— Չգիտեմ ինչպես շնորհակալ լինեմ նրանից, — ասում էր երիտասարդը Մարիամին, — նա մեզ շատ է պարտավորեցնում։ Ես ուզում եմ նրան վարձ առաջարկել։
— Մտքովդ անգամ մի անցկացնիլ,— զգուշացրեց Մարիամը,— թե չէ նրան սաստիկ կվիրավորես։ Ես մի երկու անգամ խոսել եմ այդ մասին, ինձ հետ կռվել է։
Մի ուրիշ անգամ Սաթենիկին տուն ուղեկցելուց հետո, Ռուբենը վերադարձավ ավելի ոգևորված։
— Ի՜նչ հրաշալի աղջիկ է այդ Սաթենիկը,— գոչեց նա անկեղծ սրտով,— ինչքա՜ն խելք, ինչքա՜ն առողջամտություն, ի՜նչ բարի սիրտ։ Չափազանցություն չի լինիլ, եթե ասեմ, որ կյանքումս առաջին անգամն եմ տեսնում մի այդպիսի հայ օրիորդ։ Կարծես բնությունը խլելով նրա արտաքին գեղեցկությունը, պարգևել է նրա հոգուն։
— Մենք հիանում ենք, բայց կան մարդիկ, որոնք արհամարհանքով են նայում...
— Այդ անգին մարգարիտի վրա՞։
— Ես երբեք չեմ մոռանալ, թե ինչպես մի անգամ Նատալիան նրան «չեչոտ սատանա» անվանեց յուր ընկերուհիների մոտ։ Խեղճ օրիորդը մյուս օրը լսել էր այդ, չգիտեր ինձ մոտ ինչպես թաքցներ յուր վիրավորանքը։
— Չեչո՜տ,— կրկնեց Ռուբենը,— ես այդ չեչոտին չեմ փոխի Նատալիայի պես տասը «գեղեցկուհիների» հետ։
Եվ այսպես քույր ու եղբայր սիրում էին այն օրիորդին, որի պարզ, սիրալիր բնավորությունը և եռանդուն աշխատասիրությունը