Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արդարև հազվագյուտ էին։ Փոքր առ փոքր Սաթենիկը կարողացավ ազդել Մարիամի վրա։ Միշտ ամաչեցնելով, միշտ կպչելով յուր աշակերտուհու ինքնասիրությանը, նա մասամբ հասավ յուր նպատակին։ Մարիամը պարապում Էր աշխուժով և սիրով։ Նա կարծես, սկսել էր մոռանալ յուր վիշտը։ Ռուբենը ուրախանում էր, տեսնելով յուր քրոջ դեմքի վրա երբեմն-երբեմն այն զվարթ ժպիտը, որ հատուկ էր նրան և որ վերջին ժամանակ չէր արտահայտվում այդ մռայլ դեմքի վա։

Սակայն նա դարձյալ խաբվում էր, և չգիտեր, թե այդ արտաքին զվարթությունը որքան բռնազբոսիկ է և որքան հոգեկան ճիգն էր անում Մարիամը յուր վիշտը քողարկելու համար։

Ծննդյան տոները մոտեցան։ Ռուբենը երկու շաբաթով ազատվեց ուսումնարանական պարապմունքից։ Բայց նա ուներ երկու մասնավոր դասեր, որ ստիպում էին նրան օրական երկու անգամ այցելել քաղաքի հեռավոր թաղերը։

Հալաբյանի քեռորդու հետ պարապելուց նա հրաժարվել էր հենց առաջին շաբաթ։ Մի քանի դասերից հետո նա տեսավ, որ այդ աշակերտը իսկապես կարոտ չէ ավելորդ դասերի։ Նա հասկացավ Հալաբյանի նպատակը, վիրավորվեց։ Ամուրին շատ խնդրեց շարունակել դասերը, բայց իզուր։

Այնուհետև Ռուբենը շատ քիչ էր պատահում Հալաբյանին, այն էլ միայն փողոցում։ Բարևում էր, անցնում, որպեսզի առիթ չտա ավելի մոտիկ հարաբերության։ Նա կատարում էր Մարիամին տված յուր խոստումը, չէր ուզում որ Հալաբյանր այլևս այցելե իրանց։ Եվ ամուրին չէր համարձակվում այցելել, որքան և' այդ ցանկալի էր նրա համար։

Ոչ Ռուբենի սառնությունը, ոչ իշխան Սահարունիի երկդիմի ակնարկությունը այն երեկույթում — չունեցան այնքան ուժ, որ խաղաղեցնեն Հալաբյանի մի անգամ արդեն գրգռված կիրքը: Նա լսել էր, որ քաղաքում լուր է տարածվել Մարիամի հետ ամուսնանալու մասին։ Մոսիո Վախվախյանն էր հաղորդել նրան այդ բոլորը։ Նույն Վախվախյանը շտապել էր անմիջապես պատմել նրան և' հյուրանոցում Ռուբենի ու բժիշկ Մելիք-Բարսեղյանի մեջ տեղի ունեցած անցքը։