Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ուրեմն ա՞յդ էր ձեր ասելիքը,— հարցրեց Ռուբենը, երբ, վերջապես, ոգևորված ամուրին մի վայրկյան լռեց։

— Օգնեցեք, պարոն Ռուբեն, մի՛ մերժեք, հավատացեք, իմ բախտը ձեզ էլ կբախտավորեցնի։

Ռուբենը ոտքի կանգնեց։ Հալաբյանը հուսահատված նայեց նրա երեսին։ Եվ այդ հայացքը այնքան խղճալի էր, որ Ռուբենը մի վայրկյան հոգով ցավեց ամուրիի մասին։

— Ես ձեզ կխնդրեի ինձ հետ ճաշել, եթե…

— Շնորհակալ եմ,— շտապեց ընդհատել Ռուբենը և, ձեռը մեկնելով նրան, ավելացրեց,— մնացեք բարով։

Ասաց և անմիջապես դուրս գնաց, թողնելով մենակ ամուրիին տխուր ու հուզված։

«Նա ոչինչ չասաց, նա համաձայն չէ»,— գոչեց Հալաբյանը, հուսահատված ընկնելով բազկաթոռի վրա։

Այդ օրից հետո նա սաստիկ լարված դրության մեջ էր։ Նա անհամբեր սպասում էր պատասխանի Ռուբենի կողմից։ Նա շուտ֊շուտ դուրս էր գալիս փողոց, պտտում էր այս կողմ, այն կողմ, հուսալով հանդիպել նրան մի տեղ։ Բայց փոխանակ Ռուբենի, նա, հակառակ յուր ցանկության, գրեթե ամեն անգամ տեսնում էր բժիշկ Մելիք-Բարսեղյանին, որ կառքով դեսուդեն էր անցնում։

Մի օր բժիշկը կառքը պահել տվեց, ցած իջավ և, խոնարհ բարևելով, մոտեցավ Հալաբյանին։

— Ես ձեզանից մի բան եմ ուզում խնդրել,— ասաց նա, քաղցր ժպտալով։

— Ասացե՛ք,— պատասխանեց Հալաբյանը կտրուկ։

— Ես …ական ընկերության խորհրդի անդամ եմ։ Այս տարի նոր ընտրություններ պիտի լինեն։ Մեր նախագահը հրաժարվում է, թույլ տվեք, որ ձեր անունը անդամների ցուցակի մեջ մտցնեմ։ Մեր ընկերությունը ձեզ նման մի անձի կարոտություն ունի, համաձայնեցեք մեր նախագահը լինել։

Մի վայրկյան Հալաբյանի փառասիրության զգացմունքը շարժվեց։ Բայց նա չմոռացավ յուր ատելությունը։

— Ես նախագահ լինելու արժանավորություն չունեմ. գտե՛ք մի ուրիշին,— պատասխանեց նա հակիրճ և երեսը շուռ տվեց, որ հեռանա։