արավ Մարիամի մասին։ Նա վաղուց է սիրում Ռուբենի քրոջը, վաղուց էր մտադիր ասել, բայց չէր համարձակվում։ Կարծում էր, որ նա սիրում է բժշկին, որ նրան է խոսք տվել։ Այժմ գիտե, որ Մարիամի սիրտը ազատ է և համարձակվում է խոսք բանալ այդ մասին։
— Դուք, ի հարկե, չպիտի զարմանաք, որ ես ձեզ հետ այսպես պարզ եմ խոսում։ Ես հասարակ մարդ եմ, ես սիրում եմ անկեղծ խոսել։ Շատ կարելի էր մի ուրիշի հետ ուրիշ կերպ խոսեի։ Բայց ձեզ ճանաչում եմ, պարոն Ռուբեն, գիտեմ, որ չեք նեղանալ ինձանից։ Ձեր քույրը ծնողներ չունի, որ ես նրանց հետ խոսեմ։ Դուք եք նրա մեծը, իրավունքը ձեր ձեռքին է։
— Իմ ձեռքին ոչինչ իրավունք չկա,— ընդմիջեց Ռուբենը,— Մարիամն ինքն իրան է միայն հպատակվում, ուրիշ ոչ ոքի։
— Գիտեմ, գիտեմ, սիրելիս։ Նա խելոք է, նա կրթված է, բայց շատ երիտասարդ է, կան բաներ, որ նա չի կարող հասկանալ։ Դուք պետք է հասկացնեք նրան։ Ես ոչինչ չեմ թաքցնում իմ կյանքից։ Ասեմ, ես այնքան էլ ծեր չեմ,— քառասուն ու երեք տարիս նոր լրացավ։ Ես այնքան էլ տգետ չեմ — հասարակության մեջ պատիվս պահել կարող եմ։ Հավատացեք, ես ձեր քրոջը կպաշտեմ։ Բայց ի՞նչ եմ ասում, միթե դուք չգիտե՞ք, որ ես համարյա... Ինչո՞ւ եք շփոթվում, ես անկեղծ եմ ասում։ Դուք այդ կարող եք հայտնել Մարիամին, այո, հայտնեցեք։ Ասեցեք, հույս ունենա՞մ, որ կարժանանամ այդ բախտին։ Ես ամեն բան կզոհեմ, ես հարստությունս կդնեմ նրա ոտքի տակ, ինչ ուզում է թող անի, ինչպես ուզում է, թող ապրի։ Թող նա իմ տերը լինի, ես նրա ծառան, ստրուկը։ Ես ձեզ էլ կհպատակվեմ։ Ես ձեզ ամեն միջոց կտամ՝ ձեր ուզածը անելու։ Դուք ուզում էիք արտասահման գնալ, գնացեք, փողի պակասություն չեք ունենալ...
Դժվար էր կասկածել ամուրիի անկեղծության մասին, զգալի էր, որ նա սրտից է խոսում: Եվ այդ ապացուցանում էին նրա զգացված ձայնը, աչքերի փայլը, դողդոջուն շրթունքները։