Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տնկեց նրա վրա։ Եվ ոչ միայն նա, այլ, նկատում էր բժիշկը, ամենքը նրանց էին նայում։ Ոմանք միմյանց բոթում էին, քչփչում և ժպտում։ Այս բոլորը կատարելապես համոզեցին բժշկին, որ ինքն արդեն Վարինկայի փեսացուն է համարվում։ Ավելի համոզվեց, երբ սեղանի կառավարիչը նրա կենացը առաջարկեց օրիորդի կենացի հետ միասին, խորհրդավոր եղանակով արտասանելով.

— Թող ձեր հարևանությունը բարեկամության սկիզբ լինի...

Սակայն բժշկի միտքը ավելի վաճառականի աղջկանով էր զբաղված։ Նա գաղտնի ուշադրությամբ դիտում էր օրիորդի կերպարանքը։ Մի թեթև համեմատություն անելով յուր մտքում, նա վերջինին գերադասեց յուր հարևանից, եթե ոչ դիրքով և դեմքով, գեթ օժիտով։

Երեկույթը վերջացավ։ Բժիշկը տուն վերադարձավ բավական զվարթ տրամադրությամբ։ Երկար ժամանակ այդ գիշեր նա մտածում էր յուր մասին։ Հանգամանքները միանգամայն նրան ուրախացնում էին։ Նա տեսնում էր, թե հասարակություն ասած բանը այնքան էլ սարսափելի դատավոր չէ, որքան կարծում էր, թե շատ-շատերը, որ կարծում էր խույս կտան, դեռ ձգտում են դեպի նա։ Նա վճռեց, թե հիմարություն է պատվի խնդրի վերաբերմամբ շատ էլ մանրակրկիտ և զգայուն լինելը, թե առհասարակ նուրբ պատվասիրությունը մի տեսակ տկարամտություն է։ Արժե՞ մտածել անցած բաների մասին, արժե՞ վշտանալ մի երիտասարդի տված թեթև վիրավորանքից, երբ հասարակությունը այդ վիրավորանքը անպատվաբեր չէ համարում...

Հետևյալ օրից նա արդեն նախկին Մելիք-Բարսեղյանն էր։ Չքացան մոտիկ անցյալի տխուր մտածումները։ Վերադարձավ կրկնակի ուժով նրա եռանդը։ Թեթև հուզմունքը տեղի տվեց բնական անհողդողդ սառնասրտությանը։ Եվ նրա կյանքը սկսեց ընթանալ սովորական շավղով։

Մնում էր իբրև միակ հոգս Հալաբյանի թշնամությունը: Բայց հեգ ամուրին այն դրության մեջ էր, որ բժշկին անգամ մոռացել էր։

Դարձյալ Հալաբյանի միտքը զբաղված էր Մարիամով,