Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեկը ջութակի լարերը անխնա խարտոցում էր։ Մի ինչ-որ տիկին եռանդով ջարդում էր դաշնամուրի կլավիշներր։ Կրտսեր օրիորդ Ագամովան յուր կատվի ձայնն էր բարձրացրել։

Վաճառականը, վաշխառուն և կոմիսիոները, մի անկյուն քաշված, խոսում էին իրանց գործերի մասին։ Պաշտոնաթող գեներալի մեջքին մի բարձ դրեցին, և նա իսկույն նիրհեց։ Պարոն Ագամովը ինժեների և ուրիշ երկու հյուրերի հետ նստեց թուղթ խաղալու։

Երիտասարդ զույգերը սկսեցին պարել։ Բժիշկը հերթով տանտիրուհու աղջկերանց հետ մի-մի անգամ պարելուց հետո, շինովի մելամաղձությունը երեսին, քաշվեց մի կողմ։ Տիկին Ագամովան աչքից բաց չէր թողնում նրան։

— Պարոն բժիշկ,— մոտեցավ նա յուր թանկագին հյուրին,— մեր տունը տխրող հյուրեր չէ սիրում։

— Ես տխուր չեմ։

— Լավ, լավ, ինչո՞ւ եք խաբում, խոմ ես ամեն բան գիտեմ։ Դուք և մենք մեղավոր չենք, որ աշխարհումս անամոթ մարդիկ կան։

Բժիշկը հասկացավ, թե տիկինը ինչ բան և ում է ակնարկում։

— Դեհ, թողեք ձեր դատարկ հոգսերը, զվարճացեք,— հրավիրեց տիկինը և, թևից բռնելով, մոտեցրեց կանանց, որոնց համար այդ պահին զվարճախոսում էր ռուս երիտասարդներից մեկը։

Մի քանի րոպե չանցած տիկինը նկատեց, որ բժիշկը սենյակի մի անկյունում առանձնացած ուրախ-ուրախ խոսում է հյուրերից մեկի հետ։ Դա վաճառական հյուրի միակ աղջիկն էր, մի դեղնադեմ օրիորդ, քսան տարեկան հասակից ոչ ավելի, որ գիտեր դաշնամուր ածել, լավ պարել, ռուսերեն մաքուր խոսել։

Բժիշկը վաղուց լսել էր նրա մասին, իմացել էր, որ հարսնացուների մեջ ամենայուղալի պատառներից մեկն է։

Տանտիկինը վախեցավ այդ վտանգավոր հարևանությունից, մեջ մտավ և հաջողեց բժշկին բաժանել օրիորդից:

Սկսեցին ընթրել։ Տանտիկինը բժշկին նստեցրեց յուր երկրորդ աղջկա — Վարինկա անվանվածի — մոտ և աչքը