Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


այլայլված և պատմվում էր սրտաշարժ նորություններ քաղաքային կյանքից։ Նա, որ առաջ սիրով և հետաքրքրությամբ էր լսում այդ նորությունները, ուրախանում էր — երբ հարկավոր էր, տխրում — երբ հարկավոր էր, այժմ մնում էր անտարբեր, լուռ, նրա դեմքի մկանունքն անգամ չէին շարժվում։

Եվ Վախվախյանր չգիտեր վշտանար, թե զարմանար յուր տեսածի վրա։ Ամեն օր նա վազում էր Ախշարումյանի մոտ և պատմում Հալաբյանի հոգեկան դրության մասին, ավելացնելով, որ օրեցօր ավելի վատանում է նա։ Մի քանի անգամ Ախշարումյանը ինքն այցելեց ամուրիին և տեսավ, որ, արդարև, ցավալի է նրա դրությունը։

— Գնանք արտասահման,— առաջարկեց նա մի անգամ Հալաբյանին։

— Ինչո՞ւ։

— Մի քիչ ման կգանք, ժամանակ կանցկացնենք։ Մի քաղաքում երկար ապրելը մարդուս բթացնում է։ Հալաբյանը գլուխը բացասաբար շարժեց, հառաչելով և տխուր ժպտալով։ Եվ այդ հառաչանքն ու ժպիտը այնքան սրտաշարժ էին, որ Ախշարումյանը, այն մարդը, որ միշտ ծաղրաբար էր վերաբերում դեպի յուր ընկերոջ զգացմունքը, սկսեց անկեղծ ցավակցել նրան։ Այդ օրը նա վճռեց օգնել Հալաբյանին՝ ազատել նրան յուր ծանր վշտից։

— Իշխան,— դարձավ նա մի օր Սահարունիին,— մեր Մեխակի դրությունը շատ ցավալի է, օրեցօր նա նիհարում խեղճանում ու պառավում։

— Լավ, ե՞ս ինչ անեմ։

— Դու և՛ ես նրա բարեկամներն ենք, ու պետք է խելք-խելքի տանք և նրա միտքը մի ուրիշ բանով զբաղեցնենք։ Ես համոզված եմ, եթե նա այդպես շարունակի, մի օր կխելագարվի։ Ափսոսում եմ, որ մինչև հիմա ես ծաղրաբար եմ վերաբերվել, մարդը, ոչ դես, ոչ դեն, սիրահարված է և շատ վատ է սիրահարված։

— Սիրահարվե՜լ, խելագարվե՜լ, — կրկնեց իշխանը, ցարձրաձայն ծիծաղելով,— նու, բարեկամ, ինչպես տեսնում