Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եմ, դու նրանից պակաս խելոքը չես։ Դո՞ւ էլ սեր ես անվանում այդ։

— Բա՞ս։

— Ոչ, սիրելիս, այդ կիրք է, հասկանո՞ւմ ես, քառասուն ու երեք տարեկան կիսամաշ մարդու կիրք, վիրավորված ինքնասիրության հետ խառն։ Է՜էէ, երևակայիր գործ և զբաղմունք չունեցող մի հարուստ ամուրի, որ մի անգամ վճռել է ձեռք բերել մի սիրուն աղջկա, չէ կարողանում նպատակին հասնել և տանջվում է, պրծա՜վ գնաց։ Եթե ինձ ես հարցնում, թող տանջվի, նա խղճալու մարդ չի։ Նա հիմար է, այ մարդ, հիմար, ընկել է մի աղջկա հետևից, որի երեսի պատկառանքը… նու… մի ուրիշն է լիզել։

— Իշխա՞ն,— արտասանեց Ախշարումյանը զարմացած,— ի՞նչ ես դուրս տալիս, չէ՞ որ այդ աղջիկը ազգականդ է։

— Ազգակա՜ն, շատ հարկավո՞րս են այնպիսի ազգականները, որ ութ տարի քրոջս հաշվով ապրելուց հետո, հիմա քաղաքում լուր են տարածել, թե փեսաս նրանց զրկել է հոր ժառանգությունից։

— Միթե այդ ճշմարի՞տ չէ։

— Այնքան է ճշմարիտ, որքան այն, որ նրանց հայրը ժառանգություն է թողել։ Շանտաժ է, բարեկամս, անխիղճ շանտաժ, որի համար հիմա աստված պատժում է նրանց — քույր և եղբայր քաղցած զկրտում են։ Լսիր, եթե ընկեր ես, եթե ուզում ես Հալաբյանին օգնած լինել, համոզիր նրան, որ ձեռք վերցնի այդ աղջկանից, թե չէ կփոշմանի, շատ կփոշմանի։ Ասա այն հիմարին՝ խելքի գա և հասկանա, որ եթե մի անգամ վճռել է տխմարանալ, այսինքն ամուսնանալ, թող իմ առաջարկած աղջկան ձեռքից բաց չթողնի։

— Չլինի՞ քրոջդ աղջկա մասին է խոսքդ։

— Նու, հենց դիցուք նրա մասին է, չարժե՞ տասը Մարիամի։ Այդ հիմարը առաջ նրա հետևից էր ընկած, չեմ իմանում, ինչ պատահեց, թողեց հանկարծ ու կպավ մեկին, որին մարդիկ էլ մոռացել են, աստված էլ։ Տո', մեկ հարցրու նրանից, եթե այդ աղջիկը լավ պտուղ էր, ինչո՞ւ բժիշկ Մելիք-Բարսեղյանը