— Ամոթ քեզ, ամոթ քեզ, Սահարունի, քնած ես, չես տեսնո՞ւմ նոր աքաղաղներին,— գոչեց իշխանը և կրծքի խորքից մի ա՜խ քաշելով, դարձավ մոսիո Վախվախյանին, — Սերգո, սազանդարներին կանչիր այստեղ։
Սերգոն վաղուց էր սպասում այդ պատվերին։ Նա վազեց դահլիճ։ Երեկույթը գրեթե վերջացել էր, պարողներ չկային, ասիական երաժիշտները ազատ էին, եկան, նստեցին ամուրիների սեղանի մոտ և մի նոր եռանդով սկսեցին նվագել իշխանի պատվիրած եղանակները։
Գիշերվա երկու ժամից անցել էր արդեն, երբ Հալաբյանը առաջինն ասաց, թե տուն գնալու ժամանակ է։ Նա վճարեց ընթրիքի փողը ամենի փոխարեն։ Իշխանը վիրավորվեց։
— Ձերդ պայծառափայլություն, մի՛ նեղանաք, ընկերություն է, այսօր մեկը, էգուց մյուսը,— միջամտեց մոսիո Վախվախյանր և իսկույն մտքումը ավելացրեց,— Սերգոն էլ մեջտեղ ձրի կուտի, ա՜յ քո տիրոջ նամուսը գետինը մտնի…
Քանի մի րոպե անցած մի կառք Հալաբյանին տեղափոխում էր յուր բնակարանը։ Թանձր փոշիով լի փողոցներով կառքը անցնում էր ահագին դղրդոցով և ծանրաքայլ։ Դա անիվները քայքայված, զսպանակները ժանգոտ, ծածկոցը գույնից զրկված այն կմախքներից մինն էր, որ փողոց են դուրս բերում միայն կեսգիշերից հետո։ Երկու նիհար ձիեր հազիվ կարողանում էին նրան քարշ տալ իրենց հետևից, տնքալով, հազալով և գլուխները վայր ու վեր շարժելով։ Երբեմն նրանք կանգնելու տրամադրություն էին ցույց տալիս։ Կառապանը ոտքի էր կանգնում և երկար մտրակով հարվածում դանդաղ կենդանիներին։
— Կա՛ց,— գոչեց Հալաբյանը բարկացած, երբ կառքը սկսեց արդեն չափից դուրս անխնա տրորել, ձգելով մի կողքից մյուսի վրա և մեջքը խփելով քարի պես ամուր կաշվե բարձին։
Նա ցած իջավ, վճարեց կառքի վարձը և մնացյալ ճանապարհը շարունակեց ոտով։ Երբեք նա այդ անախորժ տրամադրությամբ տուն վերադարձած չէր։ «Ի՜նչ կյանք է, ի՜նչ ապրուստ է, մտածում էր նա, օրինավոր մարդիկ իրանց գլուխը բարձին դրած հանգստանում են, ես քարշ եմ գալիս փողոցներում»։