Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ քանի մոտենում էր բնակարանին, այնքան կատաղությունը սաստկանում էր: Նա նայում էր աջ ու ձախ Սոլոլակի տների մութ պատուհաններին, և գիշերային ընդհանուր լռությունն ու խավարը ավելի ճնշում էին նրա սիրտը։

Նա հասավ մի ուղիղ և բավական լայն փողոց, կանգնեց մի երկհարկանի տան առջև։ Նա մատը սեղմեց պատի մի կետին։ Փոքր անցած դռները կարծես ինքնըստինքյան բացվեցին, նա ընդարձակ մաքուր սանդուղքով բարձրացավ տան վերին հարկը։

Գավթի դռների մոտ նրան դիմավորեց մի կարճահասակ մարդ, որ շտապում էր բութ մատներով կապել յուր երկայն արխալուղի կոճակները։ Դա նրա վաղեմի ծառան էր, ղազախեցի Թաթոսը, նրա չորս սենյակից բաղկացած բնակարանի մի միակ շնչավորը, որ ամեն գիշեր պարտավոր էր յուր տիրոջ առաջը դուրս գալ, որքան ևս նա ուշ վերադառնար։

Հալաբյան լուռ թույլ տվեց Թաթոսին վերարկուն հանել, մտավ ներս — մի կես-եվրոպական և կես-ասիական ճաշակով կահավորված սենյակ։ Նա հոգնած, թուլացած, գլուխը խառնիխուռն մտքերով լի, նստեց տաճկական թախտի վրա մեջքը տվեց փափուկ բարձին։

Թաթոսը սենյակի մեջտեղում կանգնած, ձեռքերը կրծքին դրած, սպասում էր: Նա պետք է հաներ տիրոջ կոշիկները, հագցներ հողաթափները, երկար ծխաքարշը տար նրան, սպասեր մինչև ծխել վերջացնելը, ճանապարհ դներ ննջարան, և այնուհետև միայն ազատ էր։ Բայց, չտեսնված և անսպասելի բան, պարոնը փոխանակ յուր սովորական հրամանները տալու, մի բարկացկոտ հայացք նետեց Թաթոսի վրա և բարձրաձայն գոռաց.

— Կորի՛ր աչքիցս։

Ծառան մի քանի վայրկյան ապշած մնաց, մտիկ արավ չորս կողմ, հետ ու հետ քաշվեց և վախեցած դուրս եկավ։

— Հիմար, անմիտ, աննպատակ կյանք,— ասաց Հալաբյանը, մնալով միայնակ յուր ընդարձակ և լռիկ սենյակում։