Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանկարծ նորեկը,— հիշո՞ւմ ես, դու նրան միշտ պաշտպանում էիր ինձ մոտ։

Բարեբախտաբար այդ պահին Մարիամը անցել էր խոհանոց, ուր նա զբաղված էր համեստ սեղանի երկրորդ և վերջին համեստ կերակրի պատրաստությամբ։

— Նա այժմ բժիշկ է,— պատասխանեց Ռուբենը։

— Թիֆլիսո՞ւմն է։

— Այո։

— Փոխվե՞լ է, թե՞ նույն եսամոլն է մնացել, ինչ որ գիմնազիայում։

— Դու ինքդ կտեսնես և կիմանաս։ Ներս մտավ Մարիամը կերակուրի ամանը ձեռին։

Սաթենիկը վայրկյան առաջ կարողացավ մի միջանկյալ խոսքով բժշկի անունը դուրս հանել խոսակցությունից։

— Դուք երկա՞ր կմնաք Թիֆլիսում,— հարցրեց նա։

— Հայտնի չէ,— պատասխանեց հյուրը։

Նա լռեց։ Սաթենիկը փորձեց մի որևէ խոսակցությամբ զբաղեցնել նրան, աշխատելով, վերջապես, որ նա փոքր֊ինչ ազատություն տա յուր ժլատ լեզվին։ Սակայն Բագրատյանը ավելի ինքն էր հարցնում, քան իրան առաջարկած հարցերին պատասխանում և առհասարակ ավելի լսում էր, քան խոսում։

Ճաշից հետո, մի կես ժամ անցած, նա շտապեց հրաժեշտ տալ, դարձյալ Ռուբենին յուր հետ տանելով։

Այս անգամ Ռուբենը տուն վերադարձավ ավելի ուշ։ Հետևյալ օրը նա զարթնեց շատ վաղ, տնից դուրս գնաց սովորականից մի ժամ առաջ. տուն եկավ սովորականից մի ժամ ուշ։ Նկատելի էր, որ նա մի բանով զբաղված է, մի բանով, որ չէր կամենում ոչ ոքի հաղորդել։ Մարիամի հետաքրքրությունը փոխվեց երկյուղի։ Նա վախենում էր Ռուբենի մասին, նա զգում էր, որ եղբոր տարօրինակ տրամադրության պատճառը Բագրատյանն է։ Նա փորձեց խոսել Ռուբենի հետ այդ մասին, մի որոշ հետևանքի չհասավ։ Միևնույն ժամանակ, նա ցանկանում էր դարձյալ տեսնել Բագրատյանին, այնինչ վերջինը հինգ օր էր չէր երևում։