Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ինչո՞ւ նա դադարեց քեզ մոտ գալուց,— հարցրեց մի օր նա Ռուբենից։

— Այսօր կգա։

Մարիամը թեթև երկյուղի հետ զգաց և՛ մի անորոշ ուրախություն։

— Ռուբեն, ինչո՞ւ ինձանից թաքցնում ես, թե ինչ գործով է զբաղված այդ Բագրատյանը։

— Սիրելիս, — պատասխանեց եղբայրը, փոքր-ինչ ձանձրացած քրոջ անչափ հետաքրքրությամբ,— առայժմ չեմ կարող ասել։ Բայց կիմանաս, շուտով կիմանաս...

— Խոստովանում եմ, նրա լռությունը, նրա կերպարանքը ինձ վրա մի տեսակ երկյուղ է ազդում։ Եթե չլիներ նրա աչքերի խորշում մի բարի և ազնիվ փայլ, ես պետք է կասկածեի նրա մասին։

— Բարի և ազնիվ,— կրկնեց Ռուբենը զգացված,— ոչ ոք մեր ընկերներից Բագրատյանի չափ չի եղել և այժմ էլ չէ բարի և ազնիվ։ Բայց նա ունի մի ուրիշ հատկություն, որ շատ և շատ բարձր է այդ առօրյա առաքինություններից։ Մարո, նա հազվագյուտ մարդ է։

Ճաշից հետո եկավ Բագրատյանր։ Այս անգամ նա Ռուբենի հետ առանձնացավ վերջինի սենյակում և այնտեղ խորհրդակցում էին։

Հիվանդոտ հետաքրքրությունը հանգիստ չէր թողնում Մարիամին։ Նա չէր զգում, որ հետզհետե անգիտակցաբար մոռանում է յուր հոգսերը, յուր մտածությունները, և ավելի ու ավելի զբաղվում այդ երիտասարդով։ Նա չէր զգում, որ անսպասելի հյուրի զարթեցրած հետաքրքրության զգացումը այնքան զորեղ էր, որ նսեմացնում էր մի ուրիշ զորեղ զգացում — նրա սրտի ամենախորին վիշտը։

Ռուբենի սենյակի դռները բացվեցին, Մարիամը ներս հրավիրվեց։ Բագրատյանր նստած էր անշուք և փոքրիկ թախտի վրա, ոտը ոտի վրա ձգած, կռները կրծքին ծալած։ Ամբողջ նրա կերպարանքը այդ վայրկյանին արտահայտում էր մի անթափանցելի սառնություն։ Մարիամը զգաց մի ճնշումն, մի ծանր բան յուր սրտում: Այդ մարդու ներկայությունը մի անհասկանալի ուժով խլում էր նրա համարձակությունը