Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և չէր թույլ տալիս նրան մինչև անգամ ազատ շրջել, ազատ խոսել նույնիսկ յուր եղբոր հետ։ Նա, կարծես, վախենում էր ուղիղ նայել հյուրի երեսին, բայց բոլոր ուշք ու միտքը կենտրոնացրած էր նրա վրա։

Տանտիրոջ պատանի ծառան, որ օգնում էր Մարիամին խոհանոցի գործերում, ներս բերեց սամովարը: Մարիամը թեյ պատրաստեց և առաջարկեց։ Բագրատյանը յուր կոշտացած ձեռքով վերցրեց մատուցարանի վրայից մի բաժակ, դրեց յուր մոտ։ Հոգով փափագում էր Մարիամը խոսել նրա հետ, բայց լեզուն չէր զորում։ Նա չգիտեր ինչի մասին խոսել և ինչպես սկսել։ Թվում էր նրան, որ այդ մարդուն զբաղեցնելը դժվար է, որ նա հասարակ խոսակցությունից կարող է ձանձրանալ։ Նրա առաջ նստած էին երկու կատարյալ հակատիպեր, մեկը — Ռուբենը, դարձյալ հուզված, վառված ինչ֊որ մտքերով, պատրաստ ամեն վայրկյան խոսելու, մյուսը — Բագրատյանը, սառն, հանդարտ, սակայն այդ սառնության և հանդարտության մեջ ավելի ազդու, անգամ երկյուղալի։

— Որքան հիշում եմ, օրիորդ, ես ձեզ առաջ տեսել եմ,— դարձավ Բագրատյանը Մարիամին, առաջին անգամ։

— Ի՞նձ,— կրկնեց Մարիամը, շփոթվելով,— ե՞րբ, ո՞րտեղ։

— Մոտ տասը տարի առաջ, Ռուբենի հետ, ձեր ազգականներից մեկի տանը։

Մարիամը մտքում հանդիմանեց իրեն, որ չէր հիշում Բագրատյանին։ Կարծես, այդ մի աններելի թուլություն էր նրա կողմից, կարծես, նա մի անգամ տեսնելով այդ կերպարանքը, չպիտի մոռանար հավիտյան։

— Ես էլ կարծում եմ… — արտասանեց նա։

Նա կամենում էր ուղղել յուր սխալը։ Բայց կանգ առավ, զգալով, որ անգիտակցաբար գրեթե սուտ ասաց։

Մեջ մտավ Ռուբենը և աշխատեց վերականգնեցնել Մարիամի հիշողության մեջ Բագրատյանին, թեև ինքն էլ համոզված չէր, թե երբևէ նրանք հանդիպած լինեին։

— Դուք ավարտեցի՞ք գիմնազիական ուսումը,— հարցրեց Բագրատյանը։