Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այո, և ոչ միայն բարոյական ուժ, այլև ֆիզիկական տոկունություն, այնչափ, որչափ, բնության սահմանած օրենքները թույլ են տալիս։ Հուսով եմ, իմ միտքս կարոտ չէ մանրամասն բացատրության։

— Միայն եթե բարեհաճեք բացատրել, թե որոնք են այն նեղությունները, կյանքի այն փոթորիկները, որոնց դեմ, ինչպես դուք ասում եք, սկսել է կռվել ժամանակակից երիտասարդությունը։

— Որո՜նք են, կրկնեց Բագրատյանը ներողամտաբար ժպտալով,— ես կարծում եմ, օրիորդ, այդ պարզ է հետաքրքրվողի համար։

— Պարզ է,— արտասանեց Մարիամը դառն հեգնությամբ,— այո, շատ պարզ է, այնքան, որքան բացատրում է տղամարդը, որքան նա ինքն օրինակ է դառնում օրիորդին…

Այդ խոսքերի մեջ զգացվող հեգնության միտքը անհասկանալի էր Բագրատյանին։ Նա կես-զարմացած նայեց օրիորդին։ Ռուբենը միայն հասկացավ քրոջ ակնարկությունը, ուստի սրտմտությամբ առաջ տարավ նրա խոսքը.

— Չի կարելի պահանջել հայ օրիորդից մի բարձր իդեալ, քանի որ մեր երիտասարդությունը, որից ավելի է պահանջելի, նեխված է անբարոյականության ցեխի մեջ։ Օ՜օօ, Բագրատյան, դու դարձյալ նույն իդեալիստն ես, ինչ որ էիր առաջ։ Դու գուցե զարմանաս, որ ես այսպես խիստ եմ խոսում, բայց եթե այդքան տարի հեռացած լինեիր մեզանից, շուտ պետք է հիասթափվեիր։ Մեր երիտասարդությունը — ես խոսում եմ կրթված երիտասարդության մասին — այժմ այնպիսի օրինակներ է տալիս, որ բարոյական ապականության կատարելատիպեր են…

Մարիամը շնորհակալությամբ լի մի մելամաղձիկ հայացք ձգեց Ռուբենի երեսին։ Եղբոր խոսքերը բխում էին քրոջ սրտից, որ այդ վայրկյանին դարձյալ լցվել էր դառնությամբ դեպի նա, որ Ռուբենի ակնարկած կատարելատիպն էր…

— Ցավալի է, եթե այդպես է,— ասաց Բագրատյանը, տակավին չզգալով Ռուբենի սրտմտության բուն շարժառիթը,—