Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բայց այդ չպետք է երբեք հուսահատեցնի մեզ։ Տեսնել շատ քիչ, պահանջել և սպասել շատ ավելի — իմ կարծիքով, այս պետք է լինի նույնիսկ քեզ պես հիասթափված մարդու ցանկությունը։ Եթե երիտասարդությունը ապականված է, թող հայ կինը օրինակ լինի նրան։ Ներեցեք, օրիորդ, ես դարձյալ դառնում եմ մեր խոսակցության բնաբանին — հայ կնոջը։ Մեր պատգամախոսները ուզում են, որ կինը լինի միայն լավ տնտեսուհի և առաքինի մայր։ Ոչ. այդ չէ իմ ցանկացածը։ Ես աչքի առաջ ունեմ ուրիշ բան։ Ձգեցեք ձեր հայացքը ավելի հեռու ձեր արյունակից ժողովրդի այժմյան վիճակի վրա, մտածեցեք և կտեսնեք, որ կնոջ դերը չպիտի սահմանափակվի միայն հասարակ տնտեսուհու և քնքուշ մոր պաշտոնով։ Ինչպես մեր երիտասարդության, նույնպես և օրիորդների բոլոր ուժերը ներկա ժամանակ պետք է ուղղված լինեն դեպի մի կետ… պետք է ծառայեն ժողովրդի հասարակական վիճակի վերակենդանության գործին։ Ահա այս դերը կատարողից պահանջվում է անսահման սեր դեպի յուր հայրենիքը և այդ սիրո անունով անձնազոհ լինելու պատրաստականություն։ Ունե՞ արդյոք հայ օրիորդը այդ սերը։ Ունե՞ արդյոք նա յուր սրտում անձնազոհության կայծ — ահա ինչ եմ ուզում իմանալ։

Նա կանգ առավ և թուխ հոնքերի տակ տեղավորված կրակոտ աչքերը սևեռեց Մարիամի երեսին։ Դա մի այնպիսի թափանցող հայացք էր, որին չկարողացավ դիմանալ օրիորդը։ Նրան թվում էր, որ Բագրատյանը ձգտում էր կարդալ յուր սրտի ամենանվիրական գաղտնիքը։ Նա հասկացավ նրա խոսքերի միտքը։ Հասկացավ, թե այդ երիտասարդը ինչ է պահանջում հայ օրիորդից: Կարո՞ղ է, արդյոք, գեթ փոքր մասամբ համապատասխանել նրա կամեցածին։ Մտածե՞լ է արդյոք երբևէ այս ուղղությամբ:

Եվ զգում էր Մարիամը այդ մարդու առաջ մի անհաղթահարելի տկարություն, վայրկենաբար մի թռուցիկ հայացք ձգելով դեպի յուր անցյալը։ Այնտեղ նա տեսնում էո մի ամայություն։ Ի՞նչ է մտածել նա մինչև այսօր, կյանքի ո՞ր հոգսերն են եղել նրա ջերմ մտատանջության նյութը։ —