Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Դրստիր բանս, եթե այս եղունգիս չափ սիրում ես ինձ, — անդադար հորդորում էր իշխանը յուր քրոջը։

— Չեմ կարող, չեմ կարող, չեմ կարող։ Նիկոն քեզ չի հավատում, ասում է՝ այնքանն էլ հերիք է, ինչքան տվել եմ, ստացածը հետ տվե՞լ է, որ նոր պարտք է ուզում։

— Ասա նրան, որ ինչ որ ինձ տվել է, տոկոսով հետ կստանա ժամանակին։ Իշխան Սահարունին քարվանսարի բազազ չի, որ սուտ կոտր ընկնի, ուրիշի փողերը կուլ տա։ Իմ անունս ու պատիվս միլիոններով չեմ ծախիլ… Հասկացրո՛ւ նրան, լսո՞ւմ ես։

— Եթե կարող ես, ինքդ հասկացրու, ես այսուհետև ձեր մեջ գործ չունեմ,— դրապես հրաժարվեց Սոփիոն։

Մի օր իշխանը փողի սաստիկ կարոտություն ուներ: Նա թղթախաղում տանուլ էր տվել մի բավական զգալի գումար։ Ինչ-ինչ այս տեսակ պարտքերը նա ճշտությամբ վճարում էր։ Փորձեց սրանից-նրանից խնդրել, ամենքը մերժեցին, ոչ ոք չէր հավատում նրա վարկին։ Մի առավոտ նա դարձյալ վազեց Սոփիոյի մոտ։ Նիկողայոսը տանը չէր։ Նա հրավիրեց քրոջը մի առանձին սենյակ և, գրպանից մի մուրհակ հանելով, դրեց նրա առաջ։

— Առանց այլևայլի, այս վեքսիլի տակ մարդուդ ստորագրել կտաս, — գոչեց նա հրամայողական ձայնով։

Սոփիոն վախեցավ նրա հուսահատությամբ լի կատաղի աչքերից։

— Որ չուզենա ստորագրել, ի՞նչ անեմ։

— Հրամայում եմ քեզ, որ ստիպես։ Այդ քո գործն է։

Տիկինը ավելի զարմացավ։

— Սրափիոն, ի՞նչ ես խոսում, հրամայելս ո՞րն է։

— Կարճ ասա, չե՞ս ուզում կատարել...

Սոփիոն մի քայլ հետ դրեց և լուռ նայեց եղբորը ոտից մինչև գլուխ։

— Չե՞ս ուզում,— կրկնեց իշխանը։

— Չէ։

— Լավ, — ասաց իշխանը և շինծու հանդարտությամբ, մուրհակը վերցնելով, դրեց գրպանը,— ուրեմն թող մարդդ պատրաստվի բերդը գնալու…