Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ոչ մեկը, որ հեռու լիներ նրա անձնականությունից, ոչ մեկը, որ անջատված լիներ նրա անհատական երջանկությունից։

— Չգիտեմ, կա՞ արդյոք ձեր ասածի նման մի օրիորդ, չգիտեմ:

Այս եղավ նրա պատասխանը — ուրիշ ոչինչ։ Եվ սրանով վերջացավ խոսակցությունը։ Բագրատյանը զգաց Մարիամի հոգեկան խռովությունը յուր խոսքերի ազդեցությունից։ Նա փոխեց խոսակցության նյութը։

Այդ օրից Մարիամի միտքը ավելի էր զբաղված նորեկի անձնավորությամբ…


XVI

Տիկին Սոփիոյի հույսերը խաբվեցին։ Նա կատաղած էը ոչ միայն Մարիամի, այլև Հալաբյանի դեմ։ Այժմ նա պախարակում էր ամուրիին, աշխատում էր փքել նրա ամեն մի թերությունը, մոռանալ բոլոր լավ հատկությունները։ Հալաբյանր ծեր է, տգեղ է, տգետ է, արժե՞ Նատալիայի մի մատին անգամ։ Երբեմն յուր սրտի թույնը տիկինը թափում էր իշխան Սահարունիի գլխին։

— Մեղավորը դու ես, եթե մեջտեղ չընկնեիր, ես նրա անունն էլ չէի տալ։ Նա ո՛վ է, ո՛ւմ որդին է, ի՞նչ մարդ է որ…

Իսկ իշխանը հասկանում էր քրոջ հոգին, գիտեր, նրա կատաղությունը ուրիշ ոչինչ է, եթե ոչ անաջողության արգասիք։ Նա ինքն էլ հուսահատված էր։ Այն օրից, երբ տեսավ, որ Հալաբյանին դժվար է փոխել, որ անկարելի է Նատալիային նրա վզին կապել, չէր իմանում ինչպես համոզեր քրոջը, որպեսզի նա յուր ամուսնուց մի բան պոկե։

Այլ էր եթե իշխանի անցյալ կյանքի փորձերից խրատված չլինեին թե՛ տիկին Սոփիոն և թե' Նիկողայոսը։ Բայց օրինակները պարզ էին, և Նիկողայոսը շատ լավ էր ճանաչում նրան։ Գիտեր, որ երաշխավոր լինել իշխան Սահարունիի համար, կնշանակե՝ նրա պարտքը անպայման յուր վրա վերցնել, զուտ փող տալ նրան՝ կնշանակե տվածից հավիտյան ձեռք վերցնել։