Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ոչ ոք Մարիամի բարոյականությունը այնքան չէր զրպարտում, որքան այդ նախանձոտ աղջիկը։

Մի անգամ նա ոտով զբոսնում էր Գոլովինսկի պրոսպեկտի վրա, մի քանի կավալերներով շրջապատված։ Պատահաբար հանդիպեց Մարիամին, որ Սաթենիկի հետ գալիս էր դեմուդեմ։ Մի քանի քայլ մնացած նա ինչ-որ ասաց յուր ուղեկիցներին, բոլորը ուշադրություն դարձրին Մարիամի վրա, իսկ ինքը բարձրաձայն ծիծաղեց, համեստության սահմանից դուրս գալով։ Մոտովը անցնելիս նա մի այնպիսի կատաղի հայացք ձգեց Մարիամի վրա, որ, կարծես, պատրաստ էր հարձակվել և տեղն ու տեղը խեղդել նրան։

— Ֆո՛ւ, կատարյալ ֆուրիա է դառել այդ աղջիկը, — շշնջաց Սաթենիկը Մարիամի ականջին։

Մարիամը անուշադիր թողեց Նատալիայի ծիծաղը և կռվակոչ նայվածքը, անցավ։ Նա վերջին ժամանակ մոոացել էր յուր ակամա ոխը Նատալիայի և տիկին Սոփիոյի դեմ։ Եվ առհասարակ հետզհետե նրա սրտում մեղմանում էր ատելության զգացմունքը ոչ միայն դեպի յուր հեռավոր հակառակորդները, այլ անգամ դեպի նա, որ ավելի, քան ովևէ վայելում էր նրա կծու ատելությունը։ Թե ինչպես պատահեց այդ — նա չգիտեր և չէր զգում։ Չէր զգում, որ Բագրատյանի գաղտնախորհուրդ անձնավորությունը, մի անհասկանալի դյութական զորությամբ, հաղթում և նսեմացնում է ամեն բան նրա աչքում։ Տակավին այդ մարդը նրա համար մի տեսակ առեղծված էր, տակավին չէր հասկանում, թե ինչ է կատարվում յուր շուրջը, ինչ մի գաղտնի գործ է այն, որ այդքան զբաղեցնում է թե՛ Բագրատյանին և թե Ռուբենին։

Ամեն օր երկու երիտասարդները տեսակցում էին վերջինի սենյակում, խոսում էին, վիճում և շտապով միասին դուրս գալիս։ Ո՞ւր էին գնում, ինչո՞ւ — հայտնի չէր։ Սովորաբար պարզախոս Ռուբենը այժմ դառել էր գաղտնապահ, անհանգիստ, նյարդային։ Մերթ Մարիամը նրան տեսնում էր սեղանի մոտ նստած, ինչ-որ մի քարտեզ առաջը դրած, խորասուզված մտքով նայելիս, մերթ թղթի վրա ինչ-որ հաշիվներ անելիս։ Նա նկատում էր, որ եղբայրը այլևս չէր պարապվում յուր սովորական գործերով — չէ կարդում, չէ գրում։