Այս բոլորը ավելի ու ավելի սաստկացնում էր Մարիամի հիվանդոտ հետաքրքրությունը և դրդում նրան զանազան ենթադրություներ անել։
— Սաթենի՛կ, ինչ մարդ է այդ Բագրատյանը,— դառնում էր նա երբեմն յուր ընկերուհուն։
Սակայն Սաթենիկը նույնքան էր ճանաչում այդ մարդուն, որքան Մարիամը։ Մի անգամ վարժուհին ասաց, թե մի բան է լսել Բագրատյանի մասին, չգիտե որքան ճիշտ է:
— Ի՞նչ,— հարցրեց Մարիամը։
— Ասում են, նա եկել է այստեղ մի շատ կարևոր գործով և շուտով պետք է գնա։
— Ի՞նչ գործ է։
— Չգիտեմ։ Ինձ ասաց իմ ծանոթներից մեկը, Բագրատյանի ուսանողական ընկերն է եղել։ Եղբայրդ էլ այդ գործով է զբաղված։
Ավելի ոչինչ չգիտեր Սաթենիկը։
Մարիամի հետաքրքրությունը փոխվեց անհամբերության։ Ռուբենը նրան ոչինչ չէր ասում և եթե մի բան հարցնում էր Մարիամը, նա բարկանում էր։ Երբեմն Մարիամը փորձում էր Բագրատյանին խոսեցնել։ Բայց իզուր։ Այդ երիտասարդը ամեն բանի մասին խոսում էր նրա հետ հաճությամբ, բայց երբ հարց էր լինում յուր մասին, նա կամ խույս էր տալիս պատասխանից, կամ բավականանում էր անորոշ խոսքերից։ Այնինչ Մարիամի համար յուրաքանչյուր անգամ նրա բնավորության և մտքերի մեջ բացվում էր մի նոր խորություն։ Մերթ Բագրատյանը դանդաղախոս էր, մերթ պերճախոս, բայց և միշտ հավատ ներշնչող, ոգելից, ազդու, մանավանդ այն ժամանակ, երբ խոսում էր կնոջ հասարակական դերի մասին։
Հաճախ, երբ Մարիամը առանձնանում էր յուր սենյակում, նրա մտախոհության առարկան այդ երիտասարդն էր։ Եվ որքան մտածում էր, այնքան անթափանցելի էր դառնում այդ մարդը նրա համար։
Պատահում էր, որ նրա մեջ զանազան կասկածներ էին ծագում Բագրատյանի վերաբերմամբ։ Թվում էր նրան, թե դա բախտախնդիրների մեկն է, որ ով գիտե ինչ-որ ներքին