Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձգտումները քողարկում է արտաքին խորհրդավորությամբ, օրիգինալությամբ։ Այդ անցյալի դառն փորձից առաջացած մի զգացմունք էր։ Ահա ինչու, երբ Ռուբենը սկզբում մի քանի անգամ զգացված գովեց Բագրատյանին, առանց, սակայն, հայտնելու նրա նպատակը, Մարիամի դեմքի վրա սահում էր մի կասկածելի ժպիտ։— Ժպիտ, որ, կարծես, արտահայտում էր.

— Չե՞ս սխալվում արդյոք։ Դու այն մյուսին էլ գովում էիր...

Բայց ամեն անգամ, երբ օրիորդը երես առ երես հանդիպում էր Բագրատյանին, երբ լսում էր նրա առնական ազդու ձայնը, երբ նայում էր նրա աչքերի խորության մեջ թաքնված վշտախառն բարկությանը, երբ նրա սեղմված շրթունքների վրա տեսնում էր այն մշտական տխուր ժպիտը,— փարատվում էին նրա կասկածները, և նա դարձյալ ենթարկվում էր նրա ազդեցությանը։ Ո՛չ, այդ ազդեցությունը նման չէ այն մարդու ազդեցությանը, որ այնպես մոլորեցրեց Մարիամին։ Ո՛չ, այստեղ կա մի բնական զորություն։ Դա ոչ խելքի, ոչ պերճախոսության, ոչ գիտության ուժն է, դա մի ուրիշ բոլորովին ուրիշ բան է։

«Ի՞նչ է, տեր աստված, ի՞նչ է», հարցնում էր Մարիամը անդադար և ոչ մի տեղից պատասխան չէր ստանում։

Արդեն ձմեռը մոտենում էր յուր վերջին, եղանակը սկսել էր մեղմանալ: Մարիամը զգում էր, որ փոքր առ փոքր վերադառնում են յուր ուժերը և նա հետզհետե կազդուրվում է մարմնապես։ Միևնույն ժամանակ, նա հոգեպես ևս փոխվում էր: Այլևս նա չէր նստում առաջվա պես ամբողջ ժամեր և ծանր վշտից ճնշված մնում մի տեսակ թմրած դրության մեջ: Այլևս դեպի շրջապատող կյանքը չէր զգում խորին անտարբերություն, ինչպես առաջ։ Ամբողջ օրը նա աշխատում էր մի անսովոր եռանդով, խոսում ու վիճում էր Սաթենիկի հետ և ազատ ժամերը ինքը խնդրում Ռուբենին գնալ միասին զբոսնելու։ Այս բոլորը ուրախացնում էր Ռուբենին և հիացնում Սաթենիկին։

— Սիրելիս, ասաց մի օր վերջինը,— դու այժմ կատարյալ