գնում, այնքան նրանց մեջ զարգանում է փոխադարձ համակրությունը։
Եվ ամեն ինչ պատմեց Սաթենիկը, բոլոր մանրամասները, առանց մի կետ անգամ թաքցնելու։
— Ես նրան սիրեցի հենց այն օրից, երբ դու ինձ ծանոթացրիր նրա հետ։ Բայց ես ինձ զսպում էի, և ի՛նչ իրավունք ունեի նրա մասին մտածել անգամ, եե՜ս… Ախ, դու ծաղրում ես ինձ, Մարո, այնպես չէ՞, դու մտքումդ անիծում ես ինձ, դու պախարակում ես եղբորդ ճաշակը…
— Ես այդ գուշակում էի…
— Ի՞նչ, իմ և Ռուբենի մասին, մի՞թե կարծում էիր, որ իրավունք ունեմ, ե՞ս, ե՞ս տգեղ, այլանդակված արարածս։
— Լռի՛ր,— ընդհատեց Մարիամը սաստողաբար,— Լռիր, եթե չես ուզում ինձ վիրավորել։ Նախ և առաջ քո հոգու գեղեցկությունը բավական էր, որ արժանանայիր Ռուբենի սիրույն։ Երկրորդ, ինչո՞ւ դու քեզ վրա այդպիսի վատ կարծիք ունես։ Մի՞թե կարծում ես, ծաղկի մի քանի աննշան հետքերը փչացրել են քո գեղեցիկ դեմքը։ Ոչ, դու այնքան համակրելի ես արտաքուստ, որքան և հոգով ու սրտով… Ռուբենը պետք է քեզանով պարծենա…
Անկեղծ սրտից բխած այդ խոսքերը կրկին ոգևորեցին Սաթենիկին, և կրկին նա փաթաթվեց յուր ընկերուհու պարանոցին։
— Հիշո՞ւմ ես առաջվա Սաթենիկին, հիշո՞ւմ ես, ինչպես էի ծաղրում սեր ասած բանը։ Ես չգիտեի, որ նա այդպիսի բան է։ Ա՜խ, ինչպես փոխվել եմ ես, կարծես, խելքս թռել է գլխիցս… Ոչ, ես չէի հավատում, չէի հավատում, որ մի օր պետք է այս դրության հասնեմ…
Վերջապես, անցան հուզման րոպեները, և Սաթենիկը շարունակեց ավելի հանգիստ խոսակցել Մարիամի հետ։ Սակայն ամբողջ երկու ժամ նրա խոսակցության առարկան միմիայն Ռուբենն էր։
— Ա՜խ, մոռացա ասելու,— գոչեց նա, երբ Մարիամը, վերջապես, խոսք բաց արավ Բագրատյանի մասին,— նա առաջիկա շաբաթ գնում է, Ռուբենը շատ տխուր է նրա պատճառով։