Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ինչո՞ւ։

— Ի՞նչ, միթե չե՞ս լսել, Ռուբենը չէ՞ պատմել քեզ։

— Ռուբենը Բագրատյանի մասին չի խոսում ինձ հետ:

— Ուրեմն կարող ես ինձ նախանձել։ Բայց, գիտե՛ս, մինչև հիմա ինձանից էլ թաքցնում էր գաղտնիքը, այսօր միայն հայտնեց։

Մի քանի խոսք ևս Սաթենիկի կողմից, և... վարագույրը ընկավ Մարիամի աչքերից, այլևս ամեն ինչ պարզվեց նրա համար։ Բագրատյանր պատկերացավ նրա առաջ իսկական դիրքով, սակայն ավելի զորավոր, ավելի ազդու։

Որպեսզի միանգամայն չպարզի յուր հոգեկան գաղտնիքը, կարծես, ինքն իրանից ամաչելով, Մարիամը շտապեց հրաժեշտ տալ յուր ընկերուհուն։

Նա վերադարձավ տուն խռովված հոգով և առանձնացավ յուր սենյակում։

Օրերը անցնում էին։ Բագրատյանի բաժանման ժամը մոտենում էր, և Մարիամի մտատանջությունը ավելի ու ավելի զարգանում...


XVII

Վերջին ժամանակ Հալաբյանը բոլորովին հեռացել էր մարդկանցից և տանը նստած, յուր օրերը անց էր կացնում տխուր մենության մեջ։

Թաթոսը, նրա վաղեմի հավատարիմ Թաթոսն էր միայն օրվա ընթացքում մի քանի անգամ ընդհատում նրա լռությունը։ Մյուս ծառաները նրա երեսը չէին տեսնում։ Այլևս նա տնային գործերով չէր զբաղվում, չէր էլ հետաքրքրվում անգամ։ Մոսիո Վախվախյանը փորձեց տնտեսական գերիշխանությունը յուր ձեռքն առնել, բայց Թաթոսը մի այնպիսի համառ ընդդիմություն ցույց տվեց, որ նա ստիպվեց հետ քաշվել։

Երբեմն Հալաբյանը ճաշում էր միայնակ, երբեմն նրան ընկերանում էր մոսիո Վախվախյանր առանց հրավերի։ Գալիս էր հաճախ և Ախշարումյանը, միշտ աշխատում էր ցրել նրա տրտմությունը, և միշտ ապարդյուն էր մնում նրա ջանքը: