Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ծառա եմ հրամանքիդ, սամովարը երեք անգամ կրակ եմ գցել,— համարձակվեց հայտնել Թաթոսը։

— Չորրորդ անգամ կրակ գցիր։

Թաթոսը ձեռները փորի վրա դարսեց, հետ քաշվեց և կանգնեց պատի տակ։ Մի րոպե չանցած, նա չկարողացավ զսպել յուր լեզուն։

— Լվացարարը այսօր առավոտյան շորերդ բերել է, կփոխե՞ք։

Հալաբյանը լուռ էր։ Նա, գլուխը կրծքին թեքած, նայում էր ձեռների մատներին։ Նրա ուռած կոպերը, թառամած այտերի գունատությունը, ճակատի խոշոր կնճիռները կրկին կասկածի մեջ ձգեցին Թաթոսին։ Եվ անհանգիստ ծառան կամեցավ անպատճառ իմանալ յուր տիրոջ տարադեպ տրամադրության հիմքը։

— Աղա,— ձայն տվեց Թաթոսը, մի քայլ առաջ գնաչով։ Աղան չպատասխանեց։

— Աղա,— կրկնեց Թաթոսը համառորեն և մի քայլ ևս առաջ դրեց,— աղա, ցավդ առնեմ, խոմ հիվանդ չե՞ք։

Հալաբյանը քնից հանկարծակի զարթնողի պես գլուխը բարձրացրեց ու ձեռը ուժգին անկողնակալի ծայրին խփելով, որոտաց.

— Կորի՛ր, անպիտան։

Թաթոսը երկյուղից ուսերը վեր քաշեց, ձեռները տարածեց աջ ու ձախ և հետ ու հետ քաշվելով, կամացուկ դուրս սլկվեց։ Նա մյուս սենյակումն էլ չմնաց, գնաց խոհանոց և նստեց սնդուկի վրա։

— Այդ մարդը կամ գժվել է,— ասաց նա, երկյուղածությամբ յուր սպրդնած երեսը խաչակնքելով,— կամ արևը մայր մտնելիս պիտի գժվի։

Հալաբյանը ոտքի կանգնեց և սկսեց հագնվել, առաջին անգամ առանց ծառայի օգնության։ Նա յուր գլուխը ծանրացած էր զգում, ոսկորները մի տեսակ թմրած։ Ամբողջ գիշերը նա համարյա չէր քնել։ Այն մտքերը, որ հղացել էին նրա գլխում նախընթաց օրը, խուլ գիշերին, միայնակ դրության մեջ, ավելի հուզեցին նրան։ Երկար ժամանակ նա շրջում