Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


էր ննջարանում, անդադար ծխելով և մերթ ընդ մերթ կրծքից արձակելով ծանր հառաչանքներ։

Մինչև ե՞րբ նա պիտի ամուրի մնա, ահա այն պարզ առանցքը, որի շուրջը պտտում էին նրա խառնիխուռն մտքերը։ Ինչո՞ւ համար է նա Հալաբյան անունը անհայտությունից հանել և դրել ամբողջ Թիֆլիսի բերանը. նա՛, որ մի աննշան վաճառականի որդի էր։ Մի՞թե նրա համար, որ այսօր կամ վաղը այդ ազգանունը ջնջվի աշխարհի երեսից առանց մի հետք թողնելու։ Իսկ նրա հարստությունը — ո՞վ պիտի ուտի նրա մահից հետո։ Նրա քրոջ շռայլ որդինե՞րը, ինչպես շատ այդպիսի շռայլներ ուտում են իրենց քեռու կամ հորեղբոր արյուն քրտինքով ձեռք բերած կարողությունը։ Ինչո՞ւ, ի՞նչ իրավունքով։

«Քսան տարեկան հասակից սկսած ոսկոր կոտրեմ, ասում էր նա, հորս թողածը տասն անգամ ավելացնեմ, հավաքեմ, հավաքեմ, հանկարծ մի օր մեռնեմ, և շների ու գայլերի բաժին դառնա՞։ Ո՛չ, ամենևին։ Այդ իմ գերեզմանիս վրա էլ ասել չի լինիլ: Ոսկորներս էլ հողի տակ հանգիստ չեն մնալ։ Հալաբյանի հարստությունը պետք է Հալաբյանները ուտեն։ Իմ սերունդս պիտի շարունակվի որդուց որդի։ Որքան հիմար եմ եղել ես, որքան հիմար։ Ի՞նչ օգուտ իմ անցյալից, ո՞ւր են ծախսվել իմ հազարները... Շռայլ, անպիտան կյանք: Այն ուրախ քրքիջը, ծնողի այն քաղցր ժպիտը... որքան բախտավոր էին երևում նրանք,— կրկնեց ամուրին, մտաբերելով երեկվա յուր տեսած ընտանիքը, որ վերադառնում էր ամառանոցից, միթե ես չպիտի՞ վայելեմ այդ բախտը։ Իսկ այն համեստ զույգը, որ ամեն երեքշաբթի գալիս է ժողովարան։ Ահա երջանիկ մարդ, աղքատ և երջանիկ: Իսկ ե՞ս... մինչև ե՞րբ միայնակ բուի նման կյանք վարեմ... Բավական է... Թող իշխան Սահարունին ծիծաղի, թող շարունակի Աշխարումյանի հետ յուր... անառակ կյանքը... Զզվեցի... զզվեցի..»։

Եվ այս մտքերի ծանրությունից նրա հուզված նյարդներր չէին հանգստանում։ Երկար ժամանակ նրա մարմնի վիթխարի ստվերր սահում էր ննջարանի պատերի վրա, մերթ հասնելով առաստաղին և մերթ ընկնելով հատակի վրա։ Հանկարծ նրա ճակատի կնճիռները բացվեցին, դեմքը