Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ Մարիամին նախընթաց օրը հանդիպել է փողոցում ինչ֊որ մի նոր երիտասարդի հետ զբոսնելիս։ Դիտմամբ հայտնված այդ լուրը ունեցավ ցանկալի ազդեցություն Հալաբյանի վրա։ Նա խղճալի դեմքով նայեց ընկերոջ երեսին և ընկճված եղանակով արտասանեց.

— Ի՜նչ անեմ…

Արդեն ամեն ինչ նա վերջացած էր համարում, ամեն հույս խորտակված։

Հասավ այն երեկոն, որի հետևյալ առավոտը Հալաբյանը պետք է ուղևորվեր։ Նա նստած էր Ախշարումյանի հետ հյուրասենյակում, և խոսակցում էին առաջիկա ճանապարհորդության մասին։ Կանթեղի պայծառ լույսը լուսավորում էր նրա ոսկրոտ դեմքը, խոշորացած աչքերը։ Մի վայրկյան Ախշարումյանը սոսկաց, ուշադիր դիտելով նրա կերպարանքը. այնքա՜ն փոխվել էր ամուրին նույնիսկ այն մարդու աչքում, որ այնպես հաճախ տեսնում էր նրան։

— Այդպես, ուրեմն, դու բոլորովին միայնա՞կ ես գնում,— ասում էր Ախշարումյանը։

— Միայնա՛կ։

— Վատ չէր լինիլ, եթե հետդ ընկեր լիներ, ժամանակդ ուրախ կանցներ։

— Ոչ ոքի երեսը չեմ ուզում տեսնել, ոչ ոքի,— ասաց Հալաբյանը վճռապես:

— Էհ, դո՛ւ գիտես,— շարունակեց Ախշարումյանը,— բայց լսիր ինչ եմ ասում։ Ամառը անց կկացնես որտեղ որ ուզում ես, Կարլսբադ թե Վիսբադեն, միևնույն է։ Բայց աշնանը դու իմն ես։ Սեպտեմբերին գործերս վերջացրած ետ կգամ Վիեննա, դու էլ կգաս այնտեղ, լսո՛ւմ ես, մի երկու ամիս միասին քեֆ կքաշենք… քեֆ եմ ասում, հասկանո՞ւմ ես… վը՜վվվ, Մահամմեդի հյուրիների շրջանում։ Նո՛ւ, լավ, մի՛ բարկանալ, կատակ եմ անում։ Հետո, Վիեննայից ուղիղ կճանապարհվենք Փարիզ։ Այդտեղ ամբողջ ձմեռը մարդավարի կապրենք… Լսո՞ւմ ես, հրաշալի պրոեկտ է, չէ…

Ներս մտավ մոսիո Վախվախյանը և հայտնեց, թե իսկույն փողոցում հանդիպել է Սահարունիին։

— Նորին պայծառափայլությունը խիստ զարմացավ