Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թաղվելը ուրիշ քաղաքներում ապրելուց լավ է,— գովում էր նա համաշխարհային մայրաքաղաքը, որի բուլվարներում չորս տարի շարունակ թափառել էր։

Հալաբյանը հակումն չուներ դեպի մեծ կենտրոնները։ Նա եղել էր Փարիզում, այժմ տհաճությամբ էր հիշում նրա աղմկալից կյանքը, նրա բազմամարդ փողոցները։

— Վիսբադեն կամ Կարլսբադ,— պնդում էր Ախշարումյանը։

— Եղել եմ բարեկամս, այն տեղումն էլ եղել եմ,— դարձյալ մեջ մտավ մոսիո Վախվախյանը, որ, այսպես թե այնպես, հույս ուներ ուղեկցել ամուրիին, հարկավ, նրա ծախքով։

Հալաբյանը ընդունեց Ախշարումյանի խորհուրդը։ Այդ օրվանից իսկ նա սկսեց ճանապարհի պատրաստություններ տեսնել։ Այն գործերը, որ կարելի էր շուտով վերջացնել, ինքը վերջացրեց, իսկ մյուսները հանձնեց Ախշարումյանին, որ ամառը Թիֆլիսումն էր մնալու։

— Ձեզ էլ խնդրում եմ, — դարձավ նա մոսիո Վախվախյանին մի օր,— վերահասու լինել տանս։ Ծառաներին ես կարձակեմ։ Եթե ուզող լինի այս կահ-կարասիքը, բոլորը կծախեք, փողը կտաք Ախշարումյանին։

— Ո՞նց, ուրեմն էլ հետ չե՞ք գալու,— գոչեց մոսիոն զարմացած։

— Է՛հ, չեմ իմանում...

Մոսիո Վախվախյանը բոլորովին հիասթափվեց։ Բավական չէր, որ Հալաբյանը չէր ուզում նրան արտասահման տանել, յուր վերադառնալն էլ դեռ անհայտ էր թողնում։

— Աչքիս վրա — հանձն առավ նա ամուրիի պատվերը, գլուխը խեղճաբար թեքելով ուսին։

Պակաս քան տասն օրվա ընթացքում Հալաբյանը, Ախշարումյանի օգնությամբ, վերջացրեց յուր գործերը և պատրաստվեց ճանապարհի համար։ Այժմ նա անհամբեր սպասում էր Թիֆլիսից հեռանալու րոպեին։ Նրա վշտացած սիրտը ձգտում էր ժամ առաջ ազատվել յուր մշտական շրջանից, թողնել հեռանալ այն բոլոր տեղերից, որ հիշեցնում էին նրա դառն ցնորքը։ Մի առավոտ Ախշարումյանը ասաց նրան,