Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընկան նրա հետևից, փոխվեց հետզհետե տիկնոջ կարծիքը։ Նա տեսավ, որ շատ էլ չի կարելի արհամարհել այդպիսի մեկին, թեկուզ Հալաբյանից հետո:

Նույն կարծիքի էր և օրիորդ Նատալիան, որի աշխարհայեցողությունը գրեթե ոչնչով չէր տարբերվում մոր աշխարհայեցողությունից։ Մայր և աղջիկ ավելի սիրալիր հարաբերություն սկսեցին բժշկի հետ։ Սակայն երբ լսեցինք որ նա արդեն ընտրություն արել է, օրիորդը դադարեց անունը հիշելուց, մայրը — անզուսպ տիկին Սոփիոն — շտապեց կազմել բժշկի թերությունների ցանկը և տարածել յուր ծանոթների շրջանում։

Մի օր բժիշկը եկավ այցելության, օրիորդ Նատալիան չդուրս եկավ սենյակից նրան հանդիպելու։ Տիկին Սոփիոն սառն ընդունեց և ուղղակի շնորհավորեց։

Բժիշկը շփոթվեց։

— Թիֆլիսի հասարակությունը զարմանալի է,— ասաց նա վիրավորված մարդու եղանակով,— բավական է, որ մեկի տունը մի քանի անգամ գնում ես, իսկույն սկսում են բամբասել։

— Բայց այդ բամբասանք չէ, ասում են, նշանվել եք, ինչո՞ւ եք թաքցնում,— գրգռվեց համառ տիկինը։

Բժիշկը, շրթունքը կծելով, լռեց։

Ճշմարիտն այն էր, որ օրիորդ Մեհրաբովայի ծնողները ընդունել էին նրա պայմանները։ Բայց նա դարձյալ տատանվում էր։ Այժմ նա ափսոսում էր, որ ավելի մեծ պայմաններ չառաջարկեց, քանի որ առևտուրը այնպես հաջողվում էր։ Բայց կար մի հանգամանք, որի վրա սկզբում նա ուշադրություն չէր դարձրել և որ հետո դրեց նրան նեղ դրության մեջ և ստիպեց վճռական քայլ անել։ Բանն այն է, նա նկատում էր, որ, լուրը տարածվելուց հետո, շատ ընտանիքներում սառն են ընդունում իրան։ Սադափյանների և Ագամովների տանը այդ սառնությունը արտահայտվում էր խիստ կերպով։ Մյուս ընտանիներում ևս չէր վայելում առաջվա հարգանքն և հյուրասիրությունը։

Երկդիմի դրությունը նրան վտանգավոր թվաց ոչ միայն բարոյական, այլև նյութական տեսակետից։ Այսպես թե