Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


այնպես, «արկածախնդիր» մարդու հռչակ վայելելու միտքը սարսափեցրեց նրան։ Նա վճռեց, վերջապես, պսակվել... օրիորդ Մեհրաբովայի հետ։

Նշանդրությունը կատարվեց զատկի երկրորդ օրը։ Պսակը տեղի ունեցավ յոթ շաբաթ անցած։ Օրիորդի ծնողները մի շռայլ հարսանիք տվեցին իրանց միակ դստեր համար։ Նրանք հրավիրել էին քաղաքի ամեն դասակարգի մարդիկ — վաճառականներ, չինովնիկներ, բանկիրներ, կապալառուներ, օֆիցերներ, իրավաբաններ, մի քանի վրացի իշխաններ և այլն։ Բժիշկը յուր կողմից հրավիրել էր յուր արհեստակիցներից ոմանց, մի քանի հասարակական գործիչներ, երկու հեղինակ, երկու հայ խմբագիր, մի ռուս խմբագիր, չորս ուսանող, մի քանի ուսուցիչներ...

Հանդեսը բազմամարդ էր, ճոխ և շռայլ։ Հարսանիքը կատարվում էր աղջկա ծնողների տանը, որ գտնվում էր քաղաքի կենտրոնում։ Ամբողջ փողոցի բնակիչները իրարանցման մեջ էին։ Պատուհանները և պատշգամբները լիքն էին հետաքրքիր հանդիսասերներով։ Եկեղեցու բակում խռնվել էր ահագին բազմություն։ Եկեղեցու մեջ ասեղ գցելու տեղ չկար։ Տիրում էր մի անասելի աղմուկ։ «Դեդիները» և պառաված ու պառավող օրիորդները, միմյանց հրելով, առաջ էին ձգտում, որ տեսնեն նորահարսը ինչպե՞ս է զուգվել, նորափեսան ի՞նչ կերպարանք ունե, խաչեղբայրը ո՞վ է և այլն, և այլն։ Պսակ կատարող քահանան, մի քանի անգամ ընդհատելով պսակի խորհուրդը, ամբոխին հրավիրեց խաղաղ կենալ։ Բայց նրան լսող չկար։

Փառահեղ պսակադրությունր վերջացավ։ Նորապսակները շքեղ կառքով վերադարձան տուն։ Ուղիղ մի ժամ ու կես նրանք կանգնած շնորհավորություններ էին ընդունում, այնքա՜ն մեծ էր հանդիսականների բազմությունը։ Միմյանց հետևից, թնդալով, բացվում էին շամպանիայի շշերը։ Երաժշտությունը դղրդեցնում էր վաճառականի փարթամ դահլիճը։ Նորապսակները զգացված էին։ Բազմաթիվ ճրագները լուսավորում էին նրանց ուրախ դեմքերը։ Բժիշկը մի քիչ գունատված էր, նորահարսի դեմքը վարդի պես կարմրած։