Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձեռում ամուր սեղմած, կարծես, վախենալով, մի գուցե խլեն նրանից։

— Դժվար, շատ դժվար դեր է հանձն առել, — ասաց Ռուբենր։

— Նա կկատարե, նա կարող է կատարել, — գոչեց Մարիամը վրդովվելով յուր եղբոր հուսահատության դեմ։

— Կկատարե, բայց յուր կյանքի գնով...

Մարիամը մի ծանր հայացք ձգեց եղբոր վրա: Մի հայացք, որ արտահայտում էր և՛ կծու հանդիմանություն, և՛ վիշտ, և՛ հուսալու, անպայման հուսալու բուռն կարոտ։ Ռուբենը զգաց այդ և շտապեց յուր սխալն ուղղել։ Մարիամը լուռ լսում էր նրա հուսադրական խոսքերը, աշխատելով հավատալ՝ յուր ալեկոծված հոգուն սակավ ինչ հանգստություն տալու համար։

Օր օրի վրա անցնում էր, Մարիամն ավելի ու ավելի անհանգիստ ու նյարդային էր դառնում։ Ամեն օր նա գնում էր Սաթենիկի մոտ յուր տխրությունը փարատելու համար։ Ամբողջ ժամերով նստում էր ընկերուհու մոտ, և նրա խոսակցության միակ նյութը Բագրատյանն էր, նրա ասածները, նրա բնավորությունը և գաղափարները, որոնց անձնատուր էր եղել այդ մարդը...

Սաթենիկն երբեմն լսում էր սիրով, երբեմն ձանձրանում էր մտքում, բայց և երբեք դժկամություն չէր արտահայտում։ Նրա անդորր բնավորությանը և մեղմ ձգտումներին չէր համապատասխանում Մարիամի հոգեկան տրամադրությունը և այսպիսով ընկերուհիների հայացքների տարբերությունը քանի գնում, այնքան ավելի խստանում էր։ Սակայն երկուսն էլ փոխադարձաբար հարգում էին իրարու գաղափարները։ Հաճախ Սաթենիկը խոսք էր բաց անում Ռուբենի մասին, և միշտ նրա ասածների մեջ զգացվում էր հոգու բուռն ձգտումը` օր առաջ արժանանալ ամուսնական կյանքի երջանկությանը։

Տեսնելով այդ, Մարիամր մտքում վճռեց առժամանակ մի կերպ զսպել յուր մտադրությունը և զբաղվել այլ խնդիրներով։ Այս պատճառով նա աշխատում էր Ռուբենի և Սաթենիկի առջև ուրախ ձևանալ։