«Եթե վերադառնամ, կտեսնվենք», կրկնում էր նա մտքում Բագրատյանի վերջին խոսքը: Եվ նա հուսով էր, որ կվերադառնա, ապրում էր ու շնչում այդ հույսով։ Անշուշտ կվերադառնա և անշուշտ կկամենա տեսնել Մարիամին։ Նա զգում էր Բագրատյանի այդ խոսքի բուն միտքը, և ճիշտ էր զգում…
Դռները բացվեցին։ Նա ցնցվելով հետ նայեց Ռուբենն էր ներս մտնողը։
— Լուր կա՞,— եղավ Մարիամի առաջին հարցը։
— Կա,— պատասխանեց Ռուբենը և, գրպանից մի կեղտոտված ու սևացած նամակ հանելով, տվեց քրոջը։
Մարիամը շտապով բաց արավ նամակը։ Նրա ձեռները դողում էին անհամբերությունից։ Հասցեն Ռուբենի անունով էր գրված։ Կարդալով երեք էջերից բաղկացած նամակը, Մարիամի դեմքը մերթ մռայլվում էր ավելի, մերթ պայծառանում և փայլում ներքին գոհունակությունից։
Բագրատյանը տեղեկություն էր տալիս յուր մասին, նկարագրում էր յուր ձեռնարկության դժվարությունը։
«Հեռվից ավելի դյուրին էր թվում ինձ, բայց այն չէ, ինչ որ կարծում էի,— գրում էր նա:— Առայժմ ես բավականանում եմ խոսքով, մինչև որ գործը հիմք ստանա։ Շատ հավանական է, որ հանկարծ վրա հասնի վճռական քայլ անելու ժամը, որովհետև մեր կամքը մեզանից չէ կախված, այլ… Հակառակ կողմը կարող է ինքը առիթ տալ խոսքից գործին դիմելու… Այն ժամանակ… մնացեք բարև… իմ վերադարձը ցնորք է…»։
Մարիամը գունաթափվեց, կանգ առավ, նայեց Ռուբենի երեսին։
Այնուհետև Բագրատյանը գրում էր մասնավոր բաների մասին։
Մարիամը որոնում էր յուր անունը, և գտավ նամակի վերջում. ստորագրությունից հետո, երկու տողի մեջ։
«Բարևիր օրիորդ Մարիամին և ասա, որ աղոթե մեր գործի հաջողության համար…»։
Մարիամը թուլացած նստեց թախտի վրա, նամակը