Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/243

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Ուշացավ, շատ ուշացավ, երևի, չի կարողանում գտնել ճիշտ տեղեկանք», ասում էր նա մտքում անդադար։

Արդեն օրը մթնում էր, երբ, վերջապես, Ռուբենը եկավ ոտքից մինչև գլուխ թրջված ձյունախառն անձրևից։ Նա գունատ էր, աչքերի մեջ երևում էր արցունքի հետքը։

— Վերջապես,— գոչեց Սաթենիկը, ընդառաջ վազելով:

Նա մի քանի քայլ մնացած կանգ առավ և սարսափած նայեց ամուսնու այլայլված երեսին։

— Ուրեմն ճի՞շտ է։

— Ճիշտ է, — պատասխանեց Ռուբենը և հոգնած ու շնչասպառ նստեց թախտի վրա։

— Դժբա՜խտ Բագրատյան, — արտասանեց Սաթենիկը խորին դառնությամբ։

— Դժբախտ, բայց նախանձելի...

— Ի՞նչպես է պատահել սպանությունը և ո՞րտեղ:

— Մի լեռնային կիրճում նա անցնելիս է եղել յուր յոթ ընկերներից չորսի հետ։ Հանկարծ առաջ է դուրս եկել կիրճի խորքից մի ստվար խումբ։ Ուժերը եղել են անհավասար: Բագրատյանը սպանել է երկուսին, չորս ընկերները նույնպես մի քանիսին։ Հինգ հոգուց ընկել են երեքը, որոնց թվում է Բագրատյանը։

— Ո՞վ պատմեց քեզ։

— Նրա դիակը իր աչքով տեսնողներից մեկը։

— Խե՜ղճ Մարիամ, — ասաց Սաթենիկը և հեկեկաց, — ի՜նչպես պիտի հայտնենք նրան։

— Ո՞րտեղ է նա։

— Յուր սենյակում։

— Նախազգո՞ւմ է մի բան։

— Ինձ թվում է, այո, երբեք նրան այսօրվա պես անհանգիստ չեմ տեսել։ Ահ, ի՜նչպես նա սիրում է Բագրատյանին, ի՜նչպես, այդ միայն ես գիտեմ...

— Լռի՛ր, կարծեմ, նա գալիս է։

Դռների հետևից լսվում էր հետզհետե մոտեցող քայլերի ձայնը։

Ռուբենն ու Սաթենիկը ճիգն արին իրանց հուզումը թաքցնելու։