Հալաբյանը նայեց այցետոմսին և իսկույն հրամայեց ծառային հյուրին ընդունել։
«Այդ մարդը նրա հորեղբայրն է, իմ բարեկամը, պետք է ավելի բարեկամանալ», ասաց նա և դուրս եկավ մյուս սենյակ:
Բազկաթոռի վրա նստած էր եվրոպական տարազով հագնված հիսուն ու հինգ տարեկան մի մարդ։ Մի թեթև ալեխառն մազերով, բայց շատ առույգ ծերունի, որի ամբողջ կերպարանքից բուրում էին եռանդ, համարձակություն, տոկունություն և հնարագետ խելք։ Նրա սափրած երեսը, թանձր ընչացքը, մեծ գլուխը, բարձր և լայն ճակատը, թավ հոնքերը, բերանի անկյուններում որոշ գծավորված խորշերը և վերջապես, սուր ու փայլուն աչքերը գործնական կյանքին անձնատուր մարդու ազդեցություն էին գործում։ Երբ Հալաբյանին տեսավ, նրա դեմքի վրա իսկույն երևան եկավ մի խորին բարեկամական ժպիտ։
Դա հայտնի կապալառու Նիկողայտս Սադափյանն էր։
— Ներեցեք, պարոն Միքայել, որ ձեզ նեղություն եմ տալիս, — ասաց նա, ոտքի կանգնելով քսան ու հինգ տարեկան երիտասարդի աշխուժությամբ։
— Խնդրեմ, խնդրեմ, ձեզ համար ես միշտ պատրաստ եմ, պարոն Նիկողայոս,— պատասխանեց Հալաբյանը և հարգանքով սեղմեց իրանից հասակով բարձր Սադափյանի մեծ ու փափուկ ձեռը։ — Նստեցեք, խնդրեմ։
Սադափյանր նստեց յուր տեղը և մի քանի սովորական հարցերից հետո, անմիջապես դիմեց յուր այցելության նպատակին։
— Ձեր օգնության կարոտ եմ, պարոն Միքայել,— ասաց նա ժպտալով։
— Պատրաստ եմ ծառայել, ինչքան կարող եմ, ծխեցեք, խնդրեմ,— առաջարկեց Հալաբյանը սիգարների արկղիկր որը բաց դրած էր սեղանի վրա։
— Ես երբեք փողի պակասություն չեմ քաշել,— շարունակեց Սադափյանր,— բայց գործերս այնքան մեծացրի, որ հիմա ստիպված եմ բարեկամներիս ձեռք մեկնել: Ինձ մի