երեք օրից հետո վեց-յոթ հազար ռուբլի է հարկավոր. ունե՞ք ազատ փող։
Հալաբյանը բարեկամաբար ժպտաց և, մի վայրկյան մտածելուց հետո, պատասխանեց.
— Չունենամ էլ, ձեզ համար ուրիշից կվերցնեմ, պարոն Նիկողայոս, էէ, եթե ձեզ էլ փող չտամ, ո՞ւմ պիտի տամ։
Սադափյանը տեղից քիչ բարձրացավ և գլուխ տվեց Հալաբյանին։
— Տոկոսի մասին չեմ խոսում,— ասաց նա,— ինչքան կամքդ է նշանակիր վեց ամիս ժամանակով։
— Իսկ եթե առանց տոկոսի տա՞մ,— հարցրեց Հալաբյանը։
— Չեմ վերցնիլ,— պատասխանեց Սադափյանը,— բարեկամությունը իրան կարգին, գործն էլ իրան կարգին։ Ես առևտրական կանոններից չեմ կարող շեղվել։
Հալաբյանը ոչինչ չասաց։ Նա գիտեր, որ Սադափյանը կեղծում է, որ նա չէր հրաժարվիլ գուցե, եթե առանց տոկոսի փող տվող լիներ նրան։
Թաթոսը ներս բերեց արծաթյա սկուտեղի վրա դրած մի բաժակ չայ, կարագ, հաց, սեր և երկյուղով դրեց յուր տիրոջ առաջ։
— Ինչո՞ւ մեկն ես բերում,— հանդիմանեց Հալաբյանը,— չես տեսնում, որ հյուր կա։
— Հյուրը առավոտյան ութ ժամին է չայ խմում,— ասաց Սադափյանը,— շնորհակալ եմ, չի հարկավոր։
Ծառան դուրս եկավ։
— Այժմյան երիտասարդները,— շարունակեց Սադափյանր, վերջին բառը առանձին շեշտելով,— գիշերը ցերեկ են դարձրել, ցերեկը գիշեր։ Ութ ժամից սկսած ոտքի վրա եմ, պարոն Միքայել, ա՛յ, ինչ ասել է ընտանիքի տեր լինել:
Երիտասարդ բառը դուր եկավ Հալաբյանին և միևնույն վայրկյանին նա մի կողմնակի հայացք ձգեց դեմուդեմի պատին քարշ արած հայելու մեջ։
Խոսակցությունը շարունակվեց նույն եղանակով։ Սադափյանը սկսեց գանգատվել յուր դրության վրա։ Ծերության օրերում ինքն յուր գլուխը խառնեց մեծ գործերի մեջ, դարձյալ