Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ահա մարդ, որ միշտ խոստումներով է կերակրվում։ Կարծեմ, նա վերջը տերտեր կձեռնադրվի։

— Լսի՛ր, բժիշկ, կատակը սազ չի գալիս քեզ, երբ մեր ընկերներին ես ծաղրում, մանավանդ Մսերյանին։

— Ինքդ ասա, ուրիշ ի՞նչ կարելի է սպասել մի մարդուց, որ համալսարանների բոլոր ֆակուլտետները անցել է և ոչ մի տեղ չի ավարտել։

— Մի ասա — «չի ավարտել», այլ ասա — «չեն թողել, որ ավարտի»։

— Այո՛, չեն թողել յուր անհանգիստ լեզվի շնորհիվ։

— Անհանգիստ, բայց ճշմարտախոս լեզվի, — գոչեց Դիմաքսյանը, և նրա աչքերի թափանցող բիբերը պտտեցին իրանց պարզ շրջանակների մեջ։ — Այդ լեզուն շատ է վնասել յուր տիրոջը։ Բայց ինչպես անարատ սիրտ, Մսերյանը անգնահատելի է։ Թողնենք խոսակցությունը, ես մի քանի կարևոր նամակներ ունեմ գրելու։

— Ուրեմն, ցտեսություն։

— Ցտեսություն. վաղը երեկոյան ես քեզ անպատճառ կսպասեմ։


II

Կեսօրվա դեմ Դիմաքսյանը հագավ տաք սյուրտուկը, կոճկեց մինչև կոկորդը և, վերարկուն թևին ձգելով, դուրս եկավ։ Նա այցելեց Ներսեսյան դպրոցի հոգաբարձուներից մեկին և իմացավ, որ դասերը գրեթե ստացած պետք է համարել։

— Մեզ համար,— ասաց հոգաբարձուն,— շատ ուրախալի է ձեզ պես կրթված ուսուցիչ ունենալ մեր դպրոցում, ձեր անունը ձեզանից առաջ է մեզ հասել։

Դիմաքսյանր զգաց մի թեթևություն։ Այժմ նա ապահովված է ուրեմն և կարող է հուսալ, որ յուր պարտքը մաս-մաս կվճարի հորը։ Բայց ավելի հաճելի էր նրա ինքնասիրության համար հոգաբարձվի ասածը. «ձեր անունը ձեզանից առաջ է մեզ հասել»։ Այս դարձվածը նրան մի առանձին աշխույժ տվեց: Նա ոգևորվեց։