Մյուս օրը երեկոյան ժողովվեցին նրա ընկերները։ Առաջինն եկավ կրակից ապահովող ընկերության գործակալ Բարաթյանը մոտ քսան ու հինգ տարեկան, գեղեցիկ դեմքով, առողջ կազմվածքով և զվարթ ու սիրուն աչքերով մի երիտասարդ։ Նա հագնված էր ամենավերջին մոդայով և իսկույն աչքի էր ընկնում յուր ձևերով ու շարժումներով։ Երեք տարի Պետերբուրգում և հինգ տարի արտասահմանում ապրելով, գիտության մի փոքրիկ պաշարի հետ, նա յուրացրել էր և՛ արտաքին վայելչության խոշոր պաշար: Նրա դեմքի վրա խաղացող ուրախ ժպիտը արտահայտում էր բուռն կենսունակություն։ Մի ժպիտ, որ հանդիպողին անմիջապես տրամադրում էր դեպի այդ երիտասարդը։
— Հիանալի՛ է, — գոչեց նա, դիտելով Դիմաքսյանի սենյակը, — եթե շրջապատող կլիման էլ համապատասխան է, այն ժամանակ շնորհավորում եմ հաջող ընտրությունդ։
— Դարձյա՞լ կլիմա։
— Այո՛, սիրելիս, մոռացե՞լ ես, թե ուսանող ժամանակ քո խոնարհ ծառան ինչպես էր սենյակ ընտրում։ Առաջ դիտում էի շրջակայքը, հետո կացարանը, առաջ շնչավորներին, հետո անշունչը։
— Եվ միշտ ինձ էլ խորհուրդ էիր տալիս քեզ հետևել։
— Իսկ դու չէիր հետևում։ Իզո՛ւր, երիտասարդը պետք է կյանք վայելի, իսկ ամուրին — նամանավանդ։
— Կյանք մարդավարի կերպով և ոչ թե ամեն մի անկյունում կանանց կոշիկների հետք որոնի։
— Բայց ես այնքան չեմ որոնել, որքան իրանք են ինձ գտել։ Լավ, ես քեզ հետ չեմ վիճիլ, հայտնի է, որ կանանց մասին մեր գաղափարները տարբերվում են։ Ահա գալիս է Ֆեմիդայի արժանավոր մանկլավիկը։
Դռները բացվեցին, ներս մտավ միջին հասակից քիչ ցածր, կլորիկ դեմքով, երկայնաձև քթով, մաքուր սափրած այտերով մի երիտասարդ։ Կանգնելով դռների առջև, նորեկը գլխարկը փորի վրա երկու ձեռներով բռնած, մեջքից թեքված և կես-հեգնական ու կես-սիրալիր մի ժպիտ երեսին, գլուխ տվեց։ Վեքիլյանի բարևելու մշտական եղանակն էր