Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/258

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ներքին նախանձով, որովհետև ամենաառաջին ուսուցիչն էլ նրա մեջ տեսնում էր զորեղ մրցակից։

Նա հետաքրքրվեց յուր պաշտոնակիցների աշխարհայացքով։ Նա գտավ նրանց շրջանում մի քանի համակրելի մարդիկ, մյուսներին չհավանեց և սկսեց բացարձակ վիճել, հակառակել նրանց մտքերին և քարոզել յուր գաղափարները։ Մի ամիս չանցած, ունեցավ մի քանի բարեկամներ և շատ հակառակորդներ։ Ոմանք շրջապատեցին նրան, իսկ ոմանք հեռանալով կազմեցին հակառակ բանակ։ Խաղաղ և ճահճացած շրջանի մեջ ընկավ մի տեսակ շարժում։ Ուսուցչական սենյակի պատերը վկա եղան ջերմ վիճաբանությունների և կատաղի հակաճառությունների։ Տեսուչը, թեև բարձր կրթություն ստացած, բայց հին հայացքների տեր մի մարդ էր։ Փորձված, հմուտ և խորամանկ մեկը, որ կարողացել էր գրավել ուսուցիչների մեծամասնության հարգանքը։ Դիմաքսյանը մոտեցավ նրան, այցելեց մի քանի անգամ նրա տունը և մի օր յուր ընկերների մոտ հետևյալ կարծիքը հայտնեց նրա մասին.

— Մեր Համքարյանը այն խրտվիլակներից է, որոնք հեռվից են միայն մարդու նմանվում։

Այս խոսքերը շուտով հասան տեսչի ականջին, և սա վճռեց զգույշ լինել յուր նոր ստորադրյալի հետ։

Մի օր Դիմաքսյանը ուսումնարան մտնելիս հանդիպեց երկու աշակերտների, որ միմյանց հայհոյում էին փողոցային անվայել և կեղտոտ խոսքերով։

— Պարոններ, — ասաց նա ուսուցչական սենյակով խմբված պաշտոնակիցներին, — մեր դպրոցում բարոյական դիսցիպլինա չկա, պետք է այս մասին հոգալ։

Բոլորը զարմացած նայեցին նրա երեսին։ Առաջին անգամն էին լսում այդպիսի պարզ, բայց և անպայման խիստ կարծիք դպրոցի մասին։ Նա պատմեց հայհոյող աշակերտների մասին։

Նա առաջարկեց ընտրել հանձնաժողով, պարտք դնել նրա վրա, որ ուսումնարանական կարգերի մասին կազմի մի նոր ծրագիր։