Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լինել, կարծելով, որ հասարակական քաղաքակրթությունը միայն մարդկության մի կեսի ձեռքով է կատարվում։ Նա առաջարկեց մի քանի տիկիններ և օրիորդներ գրավել ընկերական ժողովները։ Մսերյանը ընդդիմացավ այս մտքին։ Նա կանանց ատում էր, իբրև անհատների, իսկ եբրև դասակարգի պաշտպանում էր նրանց իրավունքները։ Բժիշկ Սալամբեկյանը հավանեց Բարաթյանի միտքը։ Վեքիլյանն անորոշ կերպով ուսերը շարժեց։

— Կանայք, — կրկնեց Դիմաքսյանը, — այո՛, ես էլ եմ պաշտպանում նրանց իրավունքները, բայց ո՞րտեղից գտնենք այնպիսիներին, որ համաձայնվեին կամ կարողանային մեզ օգնել։

— Ես ճանաչում եմ մի քանիսին, — պատասխանեց Բարաթյանը, — որոնք կարող են մեզ համար օգտավետ լինել։ Ափսոս միայն գեղեցիկ չեն, իսկ ես, ինչ թաքցնեմ մեղքս, միայն գեղեցիկներին եմ սիրում։

Դիմաքսյանը գրգռվեց ընկերոջ վերջին դարձվածի դեմ։

— Բավակա՛ն է, գոչեց նա, ժամանակ է թողնել այդ նոր ձևի կռապաշտությունր։ Մենք պետք է խոնարհվենք խելքի զորության և ոչ թե գեղեցիկ աչքերի ու սիրուն այտերի հրապույրի առջև։

Բարաթյանը ժպտաց։

— Գեղեցկությունն երբեմն մարդկանց անբարոյականացնում է,— ավելացրեց Դիմաքսյանը մի տեսակ անզսպելի կրքով, ուղղակի նայելով Բարաթյանի աչքերին:

Կարծես, խոսքը նրան էր վերաբերվում։ Բարաթյանն անտարբերությամբ երեսը դարձրեց Վեքիլյանի կողմը, որ նույնպես խորհրդավոր կերպով ժպտում էր։ Նրանք հայացքներով հաղորդեցին միմյանց իրանց մտքերը, որ միևնույն բանին էր վերաբերվում — Դիմաքսյանի դեմքի տգեղությանը։

Այդ օրից երկու շաբաթ անցած՝ Դիմաքսյանը սկսեց այցելել Ներսեսյան դպրոցը ինչպես ուսուցիչ։ Նրա դասերը տևում էին մինչև կեսօրվա մեկ ժամը։ Այնուհետև նա գալիս էր տուն և զբաղվում այլ գործերով։

Ուսուցչական շրջանը նրան ընդունեց արտաքին հարգանքով