Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թվում էր նրան, թե կյանքը շատ կարճ է այդ բոլոր գաղափարների մի չնչին մասն անգամ իրագործելու համար։ Տակավին քսան ու վեց տարեկան նա զգում էր, թե արդեն շատ ժամանակ է կորցրել ապարդյուն։ Մյուս կողմից նախանձը գրգռվում էր նրա սրտում, երբ հիշում էր անմահ մարդկանց, որ պատանեկան հասակում արդեն անուն էին վաստակել։ Ահա հենց այդ անմահների ստվերներն էին, որ մղում էին նրան դեպի առաջ, որ գիշեր-ցերեկ հալածում էին նրա միտքը և խոստանում նախանձելի ապագա։ Այո՛, նախանձելի, որովհետև նա չի մնալ անհայտության մեջ, նա յուր կյանքը չի թաղիլ խավարում։ Նա բաց կանի ուժերով մի նոր ասպարեզ, ուր նրա անունը կփայլի ինչպես մի մենավոր պայծառ աստղ։ Մարդիկ կճանաչեն նրան, կլսեն նրա պատգամախոս ձայնը։ Նա կառաջնորդե յուր հայրենակիցներին դեպի լույս, արդարություն, ճշմարտություն։ Ամբոխը, ողորմելի, եղկելի ասիական ամբոխը կզգա նրա ուժը, կսկսի հետևել նրան, փառաբանել, երկրպագություն տալ նրա հանճարին, ծափահարել նրա ամեն մի քայլը։ Եվ կվաստակի նա մարդկային մտքի և խելքի ղեկավարի զորավոր անունը, և՛ կանմահացնի նա այդ անունը, և՜ ապագա սերունդները կդրոշմեն նրան պատմության էջերում։ Ինչ փույթ, որ նա մի փոքրիկ, ցիրուցան եղած ազգի զավակ է։ Սուտ է, թե միայն մեծ ազգերն են մեծ մարդիկ ծնում։ Իսկ չորս հազարամյա գոյությունը, իսկ փառավոր պատմական անցյա՞լը, միթե մի ազգի համար այդ ոչինչ նշանակություն չունե՞։ Ինչո՞ւ ուրեմն չհու՞սա, որ հասել է այն օրը, երբ այդ փոքրիկ, աննշան ազգը փարթամ մարդկությանը պետք է տա մի հանճար, որ տառապյալ, խավարամիտ և դարավոր մթության մեջ դեգերվող ժողովրդի մեջ ռեֆորմատորի անունը վաստակած լինի։ Եվ այդ հանճարը պետք է լինի ինքը — Արսեն Դիմաքսյանը։

Գրավված այս մտքերով, Դիմաքսյանը անգիտակցաբար բարձրացել էր անկողնից և գիշերային շապկով քայլում էր սենյակում։ Նրա փոքրիկ մարմնի ստվերը սահում էր պատերի վրա, մերթ հասնելով առաստաղին, մերթ ընկնելով հատակի վրա։ Հանկարծ նրա հայացքը հանդիպեց