Եվ նա, բաժակը բարձրացնելով, զարկեց Դիմաքսյանի բաժակին: Նրանց հայացքների մեջ նշմարելի էր փոխադարձ անկեղծ ընկերական խորին համակրություն։ Յուր կրած հալածանքների և թշվառությունների շնորհիվ Մսերյանը գրավել էր անխտիր բոլոր ընկերների համակրությունը։ Միայն Վեքիլյանն էր, որ մտքում հեգնությամբ էր վերաբերվում դեպի իդեալիստը։ Սրա կարծիքով Մսերյանի կրած դառնություններն առաջացել էին յուր թուլությունից։ Նա ոչինչ նշանակություն չէր տալիս նրա անցյալին, քանի ոո այդ անցյալը ներկայի համար մի գործնական հետևանք չի ունեցել։ Չէ՞ որ Մսերյանը նույնն է, ինչ որ էր տասը տարի առաջ — միշտ ոգևորվող, միշտ պատանի։ Նրա մտքերի մեջ չկա մի որոշ կապ, նա չունի ամուր աշխարհայացք, զտված, պարզված գաղափար, որի առջև նսեմանային մյուս բոլոր գաղափարները և նա կարողանար անձնատուր լինել մի որևէ նպատակի իրագործման։ Նա գիտե միայն խոսել, հափշտակվել և ուրիշներին ոգևորել։ Նրա դերը անորոշ է կյանքի մեջ։ Ոչ, Վեքիլյանը — Մսերյան չէ և չի էլ ուզում նրան նմանվել, երբեք։
Ընկերները ցրվելուց հետո Դիմաքսյանը երկար ժամանակ չկարողացավ այդ գիշեր քնել։ Նրա նյարդերը գրգռված էին աղմկալի խոսակցությունից։ Մեջքի վրա անկողնում պառկած, անորոշ հայացքը ուղղել էր առաստաղին։ Նրա միտքը զբաղված էր ապագայով։ Ահա այն կյանքը, որին նա վաղուց փափագում էր, այն երկիրը, այն շրջանը, դեպի ուր ձգտում էր ուսանողական շրջանից։ Վերջապես, նա գտնվում է այն հողի վրա, ուր պետք է ցանե տարիների ընթացքում ժողոված սերմերը։ О՜о՜, որքան հետ է մնացել նրա մայրենի ժողովուրդը այն ազգերից, որոնց հետ նա շփվել է վեց տարի շարունակ և որոնց քաղաքակրրթության արգասիքները տեսել է աչքով։ Ո՜րքան տարբերություն այնտեղի և այստեղի, այն կյանքի և այս կյանքի մեջ... Այն բազմաթիվ գաղափարները, որ բարդվել էին նրա գլխում, գործադրության ելք էին որոնում։ Մի ներքին հոգեկան ուժ վառում էր նրա սիրտը անզուսպ եռանդով: