Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/271

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գործունեության։ Տղամարդի մասնակցությունը կարող է նրանց վրա ճնշում գործել։

Այս բոլորը նա ասաց հանդարտ եղանակով։ Բայց նրա ձայնի մեջ այնուամենայնիվ զգացվում էր ներքին խռովություն։ Տիկինը հակառակեց նրան։ Ոչ, ոչ, կանայք մենակ գործել չեն կարող, տղամարդը միշտ պետք է օգնի նրանց։

Դիմաքսյանը ակամա շփոթվեց և մտքում բարկացավ ինքն յուր վրա։ Պարզ էր, որ Բարաթյանը այսպես թե այնպես վայելում է կանանց համակրությունը։ Ուրեմն անվայել է խախտել այդ համակրությունը և անկարելի։ Խոսակցության նյութը փոխվեց։ Օրիորդ Գայանեն սեղանի վրա դրեց մի քանի տեսակ քաղցրավենիներ, չոր պտուղներ, գինի և մի շիշ քաղցր ըմպելիք։

Այժմ Դիմաքսյանը աշխատում էր լինել զվարթ, անփույթ, համարձակ, ինչպես Բարաթյանը, որ, կարծես, յուր տանը լիներ նստած — ազատ, անշփոթ։ Բայց չէր հաջողվում։ Նա զգում էր, ինքն էլ չգիտեր ինչու, որ կաշկանդված դրության մեջ է։ Ստեպ-ստեպ նայում էր օրիորդին, խոսքը միայն նրան էր ուղղում, աշխատում էր լուրջ խոսակցությունից չհեռանալ։

Գայանեն լսում էր նրան հարգանքով, լսում էր նրա ոգևորված խոսքերը նոր սերնդի կրթության, հասարակական կյանքի այս կամ այն փոփոխության, հայրենիքի վիճակի մասին և այլն։ Այդ միջոցին Դիմաքսյանը մոռանում էր հասարակ հյուրի դերը և երևան էր գալիս ինչպես մի երդվյալ քարոզիչ։ Բայց բավական էր Բարաթյանի մի աշխարհիկ դարձվածը, մի սուր նկատողությունը, մի թեթև, անփույթ հեգնությունը, և սենյակի մեջ տարածվում էր օրիորդի և տիկնոջ անկեղծ ու զվարթ ծիծաղը։ Ծիծաղում էր և՛ Օվսաննան, որ մյուս սենյակից վերադարձել էր։

Դիմաքսյանը ուզում էր մասնակցել այդ րնդհանուր զվարճությանը։ Սակայն նրա ծիծաղը հնչում էր կեղծ, կատակը արտահայտվում էր բռնազբոսիկ։ Թվում էր նրան, որ օրիորդը մտքում ծաղրում է նրան, համարում է տաղտկալի փիլիսոփա, տգեղ, այլանդակ, զզվելի։ Այնինչ Գայանեն